AM
24 Նոյեմբեր 2025 - 14:18 AMT

Փոխնախարար․ ՌԴ–ում հայ բեռնատարների վարորդների անարգել գործունեության վերաբերյալ որևէ իրավական ակտ դեռ չի ընդունվել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ներկայումս ՌԴ–ում հայ բեռնատարների վարորդների գործունեության կարգավորման վերաբերյալ որևէ իրավական ակտ դեռ չի ընդունվել, հայտնում է Radar Armenia-Ն։

«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում (բացառությամբ ՌԴ-ում և Բելառուսում) այդ խնդիրը բարձրաձայնվեց։ Մի քանի փուլ քննարկումներից հետո ռուս գործընկերները հայտնեցին, որ համապատասխան իրավական գործընթաց են սկսել այդ մասով, որ վարորդների համար այլ միգրացիոն ռեժիմ սահմանեն»,-ասել է Արմեն Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ ՌԴ տրանսպորտի նախարարությունը ևս համապատասխան առաջարկություններով է հանդես եկել ՆԳ նախարարությանը և գործընթացը գնում է, սակայն այս պահին իրավական որևէ ակտ, որ ընդունված է, հայտնի չէ։

Նրա խոսքով՝ գործընկերները վստահեցրել են, որ այս ուղղությամբ աշխատանքներ շարունակվում են։

Ավելի վաղ հայ բեռնատարների վարորդները բողոքի ակցիաներ էին անցկացնում և միջպետական ճանապարհներ փակում` պահանջելով վերանայել ՌԴ–ում ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար 90–օրյա ժամկետ սահմանելու որոշումը։