AM
25 Նոյեմբեր 2025 - 08:03 AMT

ՀՀ-ն ստանձնել է ՔԶԱԿ-ի Ընդհանուր հանձնաժողովի նախագահությունը

Նոյեմբերի 24-ին ՀՀ–ն պաշտոնապես ստանձնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) մասնակից պետությունների 30-րդ համաժողովի Ընդհանուր հարցերով հանձնաժողովի նախագահությունը, հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։

Նախագահության ստանձնման կապակցությամբ ՔԶԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վիկտոր Բիյագովը ընդգծել է. «Հայաստանի համար մեծ պատիվ է ստանձնել այս պատասխանատու պաշտոնը։ Մեր նախագահությունն արտացոլելու է Հայաստանի անվերապահ նվիրումը Քիմիական զենքի կոնվենցիայի առաջնային նպատակներին։ Հայաստանը պատրաստ է ներդնելու իր փորձը տարաձայնությունները կամրջելու և կառուցողական լուծումներ գտնելու հարցում»։

Ընդհանուր հարցերով հանձնաժողովը համաժողովի առանցքային մարմիններից է, որում ընդգրկված են բոլոր մասնակից պետությունները։ Այստեղ քննարկվում են այն բովանդակային առաջնահերթ հարցերը, որոնց շուրջ կողմերը մինչ այդ միաձայնության չեն հասել՝ պայմանավորված դրանց զգայուն բնույթով։

Հանձնաժողովի հիմնական առաքելությունն է վերլուծել իրեն փոխանցված առաջարկները և բանակցությունների միջոցով ձգտել բոլոր կողմերի համար ընդունելի համաձայնությունների ձեռքբերմանը։

Հայաստանին, որպես հանձնաժողովի նախագահող երկրի, վերապահված է կազմակերպչական և համակարգման ամբողջ պատասխանատվությունը՝ ուղղված կողմերի ներգրավմանը քննարկումների և բանակցությունների գործընթացում։ Նախագահող երկիրը նաև առանցքային դեր է խաղում ոչ պաշտոնական խորհրդակցությունների կազմակերպման և գործընթացների համադրության գործում։