AM
25 Նոյեմբեր 2025 - 09:05 AMT

Պետրոսյան․ ՀԷՑ-ի ղեկավարության պարգևավճարներից հրաժարվելու արդյունքում 1700 աշխատող լրացուցիչ 20,000 դրամ է ստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ՝ ՀԷՑ-ում իրականացվող և ընթացքի մեջ եղող աշխատանքների վեաբերյալ: Պետրոսյանը նախ տեղեկացրել է, որ բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի, տեղակալների պարգևավճարներից կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորվել:

«Նշանակման հենց առաջին ամսվանից մինչև 200 հազար դրամի համախառն եկամուտ ունեցող ՀԷՑ-ի աշխատակիցների համար ժամանակավոր կառավարչի առանձին հրամանով լրացուցիչ 20,000 դրամ պարգևատրումներ սահմանեցինք, և արդեն 4-րդ ամիսն է, ինչ ավելի քան 1700 աշխատակից օգտվում է դրանից»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Պետրոսյանն ընդգծել է, որ այս մոտեցումը շարունակվելու է, քանի դեռ հնարավոր չի եղել վերանայել դրույքաչափերն ու հաստիքները, քանի որ այդ իրավասությունը վերապահված է տնօրենների խորհրդին։

«Քանի դեռ այդ լիազորությունը մենք չունենք, և այդ փոփոխությունը տեղի չի ունեցել, մենք այդ քայլով 10-20 տոկոս բարձրացրել ենք այդ սեգմենտի աշխատակիցների աշխատավարձերը»,- ասել է նա։

Ռոմանոս Պետրոսյանը հիշեցրել է, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմում է 320 հազար դրամ, մինչդեռ ՀԷՑ-ի մոտ 3400 աշխատակիցներից կեսը վարձատրվում է 300 հազար դրամից պակաս, իսկ նրանցից ավելի քան 1700-ը ստանում է մինչև 200 հազար դրամ։ Ըստ նրա՝ հենց այս առավել խոցելի խմբին էլ տրամադրվում է հավելյալ 20 հազար դրամ պարգևատրումը։

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: