AM
25 Նոյեմբեր 2025 - 10:41 AMT

Պետրոսյանը խոսել է ՀԷՑ–ի նոր բաժանորդների միացման գների հնարավոր վերանայման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ ՀԷՑ–ի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանըանդրադարձել է նոր բաժանորդների միացման ծառայությունների գների հնարավոր վերանայմանը։

Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրել է, որ նախկինում միացման գների բարձրացման հետ կապված կասկածներ են հնչեցվել քաղաքացիների կողմից՝ արդյոք այդ փոփոխությունները հիմնավորված են, թե ոչ, հատկապես հաշվի առնելով գների զգալի աճը, հայտնում է 1lurer.am-ը։

ՀԷՑ-ի ժամանակավոր ղեկավարը տեղեկացրել է, որ այս հարցով արդեն անցկացվել են աշխատանքային քննարկումներ։

«Այս պահին որոշակի պատկերացում ունենք, թե մոտ ինչ չափով ենք կարողանալու վերանայել, և լիահույս եմ, որ տարեսկզբից վերանայման որոշումները կկայացվեն»,- ասել է նա։

Վարչապետը նկատել է, որ վերանայման քաղաքական նպատակը չպետք է լինի պարզ հաճոյանալը և չպետք է այնքան իջեցնել գները, որ, օրինակ, մի քանի տարի անց կառավարման խնդիր առաջանա։

«Եթե ֆիքսենք, որ իրոք բարձր է, պետք է բերենք «գիծ՝ պլյուս պայմանական մի լումա», որ 1 լուման ներդրվի հետագա զարգացման համար»,- ասել է նա։

Ռոմանոս Պետրոսյանը հավելել է, որ ներկայումս արդեն իրականացվել են հաշվարկներ, և ըստ նախնական գնահատման՝ «առնվազն գոնե 30-40 տոկոսով հնարավոր է վերանայում ունենանք»։

Փաշինյանը հայտարարել է, որ հոսանքի սակագները չպետք է իջեցվեն՝ պարզապես քաղաքացիներին հաճոյանալու նպատակով։

Նա նշել է, որ տարբեր երկրներում հաճախ գների իջեցում է արվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ խուսափելու ճգնաժամերից, սակայն դա բերել է էներգետիկ համակարգերի լրջագույն խնդիրների, հայտնում է «Փաստինֆոն»։

«Ես չասեմ, որ երկրում, մի անգամ մի մայրաքաղաք էի գնացել և հյուրանոցի պատշգամբ դուրս գալով՝ անընդհատ ձայներ էի լսում, շարժիչների անընդհատ ձայներ էին, ասում էին «դվիժոկ» է միացրած։ Իմացա, որ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով ամենատարբեր առիթներով անընդհատ գներ են իջեցրել, գներ են իջեցրել, գներ են իջեցրել, այն աստիճանի, որ հոսանք ուղղակի չկա, և մարդիկ ստիպված են եղել գնալ ամեն մեկը պատշգամբներում դվիժոկները դնել, բերել բենզին կամ դիզվառելիք լցնել և այդ հոսանքը ստանալ։

Նկատի ունեմ, որ այս տրամաբանությունը մենք մեր քաղաքացիներին պետք է ներկայացնենք, որ սակագինը պետք է լինի էֆեկտիվ, այն աստիճանի, որ համակարգի բնականոն գործունեությունը և որոշակիորեն նաև զարգացում ապահովի, ու դրանից ոչ մի լումա ավել չլինի։ Սա էլ է շատ կարևոր, դրանից ավելն էլ արդարացված չի»,-ասել է նա՝ շեշտելով, որ սակագնային որոշումների հիմքում պետք է դրվի համակարգի կայունության և արդյունավետության ապահովումը, ոչ թե ժամանակավոր քաղաքական շահերը։

ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: