Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ նշել է, որ ՀԷՑ-ի հիմնական հարցը ռազմավարական ուղղության ընտրությունն է։ Նա հիշեցրել է, որ քննարկվել է երկու լուծում, որոնց մասին արդեն խոսել է նաև հրապարակային կերպով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հիմնական խնդիրը՝ մեր ռազմավարական հետագա մոտեցումն է ՀԷՑ-ի հետ կապված: Մենք քննարկել ենք և 2 հնարավոր տարբերակ կա, ինչի մասին ես հրապարակային ասել եմ:
Տարբերակ առաջին, որ մենք սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ հրավիրենք, որ կառավարի: Այսինքն՝ կոնցեսիոն սկզբունքով, ենթակառուցվածքը մնում է պետական սեփականություն, լինում է պետական սեփականություն և կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե, կառավարության վերահսկողության ներքո։
Երկրորդ տարբերակը, եթե տեսնենք, որ սա ինչ-որ պատճառով անհասանելի է, որովհետև, այնուամենայնիվ, մենք ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարումը փաստացի պետական բյուջեի ծախս է: Եթե տեսնենք, որ այդ ծախսն արդարացված չէ պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է՝ ռազմավարական առումով այս հարցը կլուծվի նաև ներկայացրած տեղեկատվությունը վերլուծելու ճանապարհով և, իհարկե, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հետ խորհրդակցելով:
«Սպառողների իրավունքների հետ կապված նախորդող շրջանի ՀԷՑ-ի բացթողումների վրա առանձնահատուկ ուշադրություն կդարձնեք, որ մարդիկ նաև զգան գործունեության և այս փոփոխությունների դրական ազդեցությունն իրենց վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հաջողություն մաղթելով Ռոմանոս Պետրոսյանին այդ գործում:
ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:






