AM
26 Նոյեմբեր 2025 - 07:21 AMT

ՊՆ–ն աշխատանք կառաջարկի ծառայության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողներին

Պաշտպանության նախարարությունը աշխատանք կառաջարկի ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Առաջարկվող աշխատանքը անմիջականորեն կապված չի լինի զինվորական ծառայության հետ։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությամբ քաղաքացիների հարցերին պատասխանելիս ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այսօր ունենք հնարավորություն հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար, ովքեր ունեն զինվորական որոշակի գիտելիքներ և պատկերացում ծառայության մասին։ Նրանք կարող են ներգրավել, օրինակ, զինկոմիսարիատներում աշխատանքի»,– ասել է Պապիկյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարն ընդգծել է, որ նման նախաձեռնությունը միտված է ինչպես զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը, այնպես էլ նրանց կյանքի որակի բարելավմանը։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Արտեմ Մեհրաբյանն էլ հավելել է, որ տարբեր կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողները կարող են ներգրավվել նաև ռազմարդյունաբերական ոլորտի կազմակերպություններում։

Պապիկյանն ասել է նաև, որ պայմանագրային զինծառայողները 205-470 հազար դրամ աշխատավարձ կստանան, հայտնում է «Փաստինֆոն»։

Սուրեն Պապիկյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանի հետ միասին, արձագանքել է տեսահարցերին։