AM
26 Նոյեմբեր 2025 - 07:54 AMT

Նախարարը պարզաբանել է, թե ինչպես պետք է միանալ պետական ապահովագրական ծրագրին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան եթերում հակիրճ ներկայացրել է որ քաղաքացիներն են ընդգրկվելու առողջապահության պետական ապահովագրական համակարգում և ինչպես պետք է քաղաքացին պարզի՝ արդյոք ինքն ընդգրկվել է համակարգում։

Ավանեսյանը պարզաբանել է, որ տվյալների ստուգումից հետո քաղաքացին կստանա SMS հաղորդագրություն, որով նրան կտեղեկացնեն ներառման մասին, որից հետո քաղաքացին պետք է համաձայնեցման գործողություն կատարի։

Նախարարը գործողությունների հաջորդականությունը ներկայացրել է պայմանական 67-ամյա տիկին Անուշի օրինակով։

«Պետական ներքին էլեկտրոնային համակարգերով կճշգրտվի, որ տիկին Անուշը ՀՀ քաղաքացի է, վերջին տարվա մեջ առնվազն 183 օր բնակվել է Հայաստանում և տարիքը 65–ից բարձր է։ Այս 3 տվյալի հիման վրա նա կներառվի ապահովագրվող անձանց ցուցակում։

Տիկին Անուշն armed.am կայքում կամ հավելվածում պետք է մտնի և մի կոճակի սեղումով համաձայնություն տա։ Եթե անձը հասանելիություն չունի էլեկտրոնային կայքին, ապա իր ընտանեկան բժշկի, ամբուլատորիայի թերապևտի, բուժքրոջ միջոցով ևս կարող է այս գործողությունն իրականացնել։ Իսկ եթե դա էլ չեն կարող անել, մենք այդ գործողությունը կիրականացնենք մեր ընտանեկան բժիշկների, բուժքույրերի միջոցով»,- ասել է Ավանեսյանը։

Երբ քաղաքացու համաձայնությունը ստացվի, նրա ապահովագրված լինելու կարգավիճակը կհամարվի հաստատված։

2026 թվականի հունվարից պլանավորվում է ներդնել Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը լինելու է համընդհանուր, բայց ոչ համապարփակ, քանի որ վերաբերելու է բոլորին, սակայն ոչ ամեն ինչին։