«Միասնության թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը հորդորել է նախկին նախագահներին չմասնակցել 2026թ․ ընտրություններին։
«Իմ խոսքն ուզում եմ ուղղել պաշտոնաթող նախագահներին՝ պարոնայք պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրապայքարին»,– ասել է նա հրավիրած ասուլիսում, հայտնում է Aravot.am-ը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը վերածված է մրցավազքի, մի խումբ մարդիկ մեր խնդիրների պատճառներ են, մեկ այլ խումբ մարդիկ, «որոնք եկել են այս առկա խնդիրներն իբր թե լուծելու, բայց ավելի են խորացնում դրանք»։
«Եվ ստացվել է այնպես, որ մեր երկրում առկա է փակ շղթա, քաղաքական համակարգը երկու թեւեր ունի՝ մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ նախկին նախագահների համակարգը։ Փաշինյանը հենց այդպես է եկել է իշխանության՝ նախկին նախագահների հանդեպ ատելության վրա ու հիմա էլ երկիրը պահում է ատելության ու թշնամանքի այս փակ շղթայի մեջ։ Այս երկու համակարգերը՝ նախկին նախագահներն ու Նիկոլ Փաշինյանն առանց իրար պարզապես գոյություն ունենալ չեն կարող։ Եվ այսպես երկիրը մշտապես մնացել է անցյալում։
Այս ամենի արդյունքում անգամ ամենաաբսուրդային բաներն են ստացվում, որոնք մեր երկրի անվտանգության ու մարտահրավերների տեսակետից ուղղակի կործանարար են, մի մասը մեզ տանում է դեպի Բելառուս, մյուս մասը՝ Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է դարձնել Ադրբեջանի վիլայեթ։
Այս համակարգի պատճառով է, որ նախկին նախագահների և Փաշինյանի վեճն այպիսի դրսևորումներ է ստացել, որ մի կողմից հայտարարվում է, որ պատերազմը հրահրել է Փաշինյանը, մյուս կողմից էլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի զինվորներն ինչո՞ւ են ծառայում Հայաստանից դուրս։ Սրանք մեր պետական շահերին հակասող հայտարարություններ են։
Իսկ իրականությունը հետևյալն է՝ ստացվում է, որ մենք ունենք 60-70 տոկոս քաղաքացիներ, որոնք պարզապես չեն մասնակցում քաղաքական կարևորագույն որոշումների կայացմանը մեր երկրում։ Մարդիկ պարզապես հուսահատության մեջ են հայտնվել և ընդհանրապես չեն էլ գնում ընտրությունների։ Եվ ես ուզում եմ ասել, որ հավակնում եմ դառնալ նրանց ձայնը։ Հարգելի քաղաքացիներ, մենք եկել ենք ասելու, որ դառնալու ենք ձեր ձայնը, և բոլորով միասին ճեղքելու ենք այս համակարգը, որը իմ համոզմամբ առնվազն 5 տարի թունավորում է մեր քաղաքական կյանքը»,– ասել է Թաթոյանը։
Նրա համոզմամբ՝ ներկայիս քաղաքական բևեռացված համակարգում, երբ ընտրությունը ընթանում է Փաշինյանի և նախկինների միջև, հաղթողը մշտապես լինելու է գործող ղեկավարը։ Ըստ նրա՝ երբ մրցավազքը Փաշինյանի և նախկին նախագահների միջեւ է, ապա Փաշինյանը միշտ հաղթելու է։
Թաթոյանը նաև ներկայացրել է իր հիմնական առաջարկները քաղաքական փակ համակարգը կոտրելու և պետությունը վերակառուցելու ուղղությամբ։
«Ուզում եմ հստակ առանձնացնել 3 առանցքային սկզբունք՝ ուժեղ պետություն, ուժեղ անվտանգություն և արդար երկիր։ Սրանք այն երեք հենասյուներն են, որոնք մեզ տանում են եւ տանելու են առաջ։ Մենք նախ եւ առաջ արտաքին քաղաքական բնագավառում խորացնելու ենք մեր հարաբերությունները ԱՄՆ հետ, որովհետեւ ԱՄՆ-ն մեզ համար վստահելի գործընկեր է»,– ասել է նա։
Թաթոյանը նշել է, որ իր վարչապետության առաջին իսկ օրը նախատեսում է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը 6 ամսում պետք է ներկայացնի անվտանգության բարեփոխումների ամբողջական ծրագիր։
«Այդ ծրագիրն անմիջապես սկսելու ենք իրականացնել, և մենք առաջին հինգ տարվա մանդատի շրջանակում հասնելու ենք մեր հակառակորդի հետ անվտանգության հարցում զսպման, իսկ հետո՝ լիարժեք հավասարակշռության։ Ես համոզված եմ, որ միայն ուժեղ լինելու շնորհիվ է, որ մենք կարող ենք ունենալ խաղաղություն»,– նշել է նա։
Նա նաև հայտարարել է, որ իր թիմը մշակել է տնտեսական աճի հստակ ծրագիր։
Թաթոյանը նաև հայտարարել է, որ բանավեճի է հրավիրում Փաշինյանին։
«Պարոն Փաշինյան, ես հունվարի 15-ին ձեզ հրավիրում եմ բանավեճի, ընտրեք ձեր ուզած տեղն ու հարցերը, Պետրոս Ղազարյանին էլ կարող եք ձեզ հետ բերել, որ ձեզ մենակ չզգաք»,–ասել է նա։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։






