AM
26 Նոյեմբեր 2025 - 09:33 AMT

ՄԻՊ–ը խոսել է կանանց իրավունքների խթանման և պաշտպանության կարևորության մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է «Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության շահառուներից բաղկացած խմբի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են Կոտայքի մարզի մի շարք դպրոցների մանկավարժներ, քոլեջների դասախոսներ և ավագ դասարանի աշակերտներ։

Քննարկումը կազմակերպվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի շրջանակում։

Անդրադառնալով կանանց իրավունքների պաշտպանության թեմային՝ Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» մեկնարկը նպաստավոր հարթակ է կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը վերահաստատելու համար, ինչպես նաև՝ ոլորտում համակարգային մոտեցման անհրաժեշտությունը շեշտելու։

«Այս օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու կանանց իրավունքների խթանման և պաշտպանության կարևորությունը։ Մեր հասարակությունում, ցավոք, դեռևս առկա են գենդերային հիմքով բռնության, ընտանեկան բռնության, ինչպես նաև կանանց և աղջիկների նկատմամբ հոգեբանական, տնտեսական ու սեռական բռնության լայն տարածում ունեցող դրսևորումներ»,-ասել է նա։

Նա ներկայացրել է նաև այն քայլերը, որոնք ձեռնարկվում են կանանց իրավունքների պաշտպանության և առաջմղման ուղղությամբ՝ շեշտադրելով կարծրատիպերի հաղթահարման անհրաժեշտությունը և հավասարության արժեքների ձևավորումը։ Մանասյանը ընդգծել է, որ կրթական համակարգի բարեփոխումը դարձել է առաջնահերթություն, քանի որ այդ մթնոլորտում են հաճախ ձևավորվում և փոխանցվում մարդու իրավունքներին հակասող մտածելակերպերն ու մոտեցումները։

Պաշտպանը անդրադարձել է նաև ազգային փոքրամասնությունների համայնքներում կանանց իրավունքների պաշտպանության և խթանման առանձնահատկություններին, ինչպես նաև քննարկել է հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրներին առնչվող տարբեր ասպեկտներ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել անմիջական հարցուպատասխանի միջոցով բարձրացնել իրենց մտահոգությունները և ստանալ պարզաբանումներ։