AM
26 Նոյեմբեր 2025 - 10:33 AMT

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ճգնաժամային կառավարման ոլորտում ԵՄ հետ համագործակցությանը

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ և Եվրոպական միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացման նախագիծը։ Նախագիծը դրական եզրակացություն է ստացել։

Նախագիծը ներկայացրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նրա ներկայացմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին և նախատեսում է ամրագրել Հայաստանի ներգրավվածության ընդհանուր սկզբունքները ԵՄ ճգնաժամային գործողություններին՝ բացառելով անհրաժեշտությունը յուրաքանչյուր առանձին առաքելության համար պայմաններ սահմանելու, հայտնում է Արմենպրեսը։

Սաֆարյանն ընդգծել է, որ այս համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին օգտվելու Եվրամիության փորձից և կարողություններից՝ ճգնաժամային իրավիճակների կառավարման ոլորտում։

«Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ համագործակցությունը ընդգրկել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտներ, ինչը դարձնում է համաձայնագրի վավերացումը կարևոր քայլ համագործակցության խորացման ուղղությամբ», – նշել է Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ նման ձևաչափով համագործակցությունը կնպաստի Հայաստանի համապատասխան պետական կառույցների և ԵՄ մարմինների փոխգործակցության ամրապնդմանը, կդյուրացնի համագործակցությունը ապագա նախաձեռնությունների շրջանակում, ինչպես նաև կստեղծի հստակ իրավական հիմք՝ Հայաստանի մասնակցության համար ԵՄ առաքելություններին։

Նա հավելել է, որ ԵՄ գործողություններին մասնակցող հայաստանյան ներկայացուցիչների կարգավիճակը կկարգավորվի գործող ուժերի կարգավիճակի համաձայնագրերով, առաքելության կարգավիճակի մասին փաստաթղթերով կամ կողմերի միջև ձեռք բերված այլ պայմանավորվածություններով։

«Համաձայնագրի կնքումը դիտարկվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականությանը համահունչ՝ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման և եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ գործնական քայլ», – ընդգծել է Սաֆարյանը։

Փոխնախարարը նշել է նաև, որ արդեն այս տարվա հունիսի 30-ին Հայաստանը ստացել է ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի վերաբերյալ։