ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ճեպազրույցում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետ չկա։
Փոխնախարարը նշել է, որ կողմերի միջև շփումները շարունակական են, հայտնում է Արմենպրեսը։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ նա նշել է, որ այն իրականացվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների մակարդակով։
«Մենք միշտ հաղորդագրություններով տարածում ենք այն ամենն, ինչ կատարվում է գործընթացում», – նշել է Սաֆարյանը՝ ընդգծելով, որ սահմանազատման աշխատանքները շարունակվում են առանց դադարեցման։
Լրագրողների հարցին՝ արդյոք սահմանազատումը շարունակվելու է Սյունիքում, Սաֆարյանը պատասխանել է, որ եթե լինի զարգացում, անպայման կլինի հաղորդագրություն։
Խաղաղության համաձայնագրի հնարավոր ստորագրման ժամկետների մասին հարցին փոխնախարարը պատասխանել է, որ հստակ ժամկետների մասին չի կարող ասել։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






