«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի ամբիոնից համագործակցության հրապարակային կոչ է արեց ընդդիմադիր ուժերին։
«Մենք կարծում ենք, որ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը՝ ազգային, պետական մտածողություն ունեցող քաղաքական և հասարական շրջանակները պարտավոր են մեկտեղել իրենց ջանքերը և հնարավորությունները՝ այս իրավիճակը կասեցնելու և փոխելու համար։ Ընդդիմադիր ուժերը, անկախ իրենց տարաձայնություններից, առանցքային օրակարգային հարցերում պետք է համագործակցեն»,-ասել է Սաղաթելյանը, հայտնում է Aysor.am-ը։
Նա ներկայացրել է 5 կետից բաղկացած առաջարկ․
- Իրավական բոլոր հնարավորություններով արձագանք տալ բռնաճնշումներին և քաղաքական հետապնդումներին
- Ապահովել ազգային արժեքների ու Հայ առաքելական եկեղեցու լիարժեք պաշտպանություն
- Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությանը մոտենալ «որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է» սկզբունքով
- Վերացնել ներքին հակաքարոզչությունն ընդդիմադիր դաշտում՝ կենտրոնանալով ընդհանուր թշնամու՝ գործող իշխանության վրա
- Ընդդիմադիր ուժերով վերահսկել ընտրական ամբողջ ընթացքը՝ իշխանության հնարավոր չարաշահումներն ու ռեսուրսների օգտագործումը կանխելու համար։
Սաղաթելյանը շեշտել է, որ առաջարկում է լիարժեք համագործակցություն՝ չխախտելով ինքնուրյուն ծրագեր իրականացնելու ազատությունը։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։






