ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ մարդիկ հիմա ավելի լավ են ապրում՝ նրանք, ովքեր իրենց վրա աշխատում են, հայտնում է Radar Armenia-ն։
Ըստ նրա՝ Հայաստանում մեծ գումարներ են պտտվում։
«Աշխատավարձերի մասին որ խոսում ենք, աշխատավարձերն աճել են, աշխատատեղերն ավելացել են, հիմա այդ ամենի արդյունքում արդյոք սա նշանակում է, որ մարդիկ լավ են ապրում։ Միանշանակ այո, մարդիկ լավ են ապրում։ Բայց ո՞ր մարդիկ են լավ ապրում։ Սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ լավ են ապրում։ Կան բազմաթիվ մարդիկ, որ կամ ավելի լավ չեն ապրում կամ նույնիսկ ավելի վատ են ապրում։ Բայց մենք պետք է առերեսվենք, որ մարդիկ են լավ ապրում, նրանք, ովքեր իրենց վրա աշխատում են»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունում շրջանառվում են զգալի գումարներ։
«Երեկ տեղեկանք եմ ստացել ԿԲ-ից, որ 1.5 մլրդ դոլարի գնում է իրականացրել ԿԲ-ն»,- ասել է նա։
«Հայաստանում + 1.5 միլիարդ դոլար է պտտվում, մարդկանց մեջ պետք է զարգացնել կարողությունը, որ 1.5 միլիարդ դոլարից վերցնեն իրենց բաժինը»,- ասել է նա։
Վարչապետն ասել է, թե մարդ կա, որ իր դեմով անցնում է 1.5 միլիարդ դոլարը, բայց իր կյանքում ոչինչ չի փոխվում, գրում է Aysor.am-ը։
«Որովհետև մարդն անհրաժեշտ հմտություն չունի, մենք պետք է օգնենք այդ մարդուն, իսկ դրա միակ ձևը կրթությունն է, ուրիշ ձև չկա»,- ընդգծել է Փաշինյանը։
Փաշինյանը հրապարակել է մի շարք սոցիալ-տնտեսական տվյալներ՝ ընդգծելով, որ հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր պատմական առավելագույն թիվ։
«Ունենք 810.074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ ավելի քան 5000-ով ավելի է։ 2018թ. հոկտեմբերի համեմատ աշխատատեղերն ավելացել են 223,895-ով։ Իսկ աշխատավարձի ֆոնդն ավելացել է 149 մլրդ դրամով, և միջին աշխատավարձը հոկտեմբերին կազմել է 313 հազար, ավելացել է 135 հազար դրամով»,–ասել է նա։
Նա նաև նշել է տնտեսական ակտիվության աճի մասին։
«Հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ունեցել ենք 10.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ 2025թ. առաջին տասը ամիսներին, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ, ՏԱՑ-ը կազմել է 8.1 տոկոս»,–ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ այս տարվա ինն ամիսների ընթացքում արձանագրվել է 6 տոկոս տնտեսական աճ։






