AM
27 Նոյեմբեր 2025 - 10:36 AMT

Փաշինյան․ Չպետք է լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից 1 լումա պակաս հարկ և տուրք

Վերջին ամիսների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է գործարարներից մի շարք նամակներ, որոնցում արտահայտվել են դժգոհություններ հարկային և քննչական մարմինների խստության վերաբերյալ։ Այս մասին նա խոսել է նոյեմբերի 27-ին կայացած կառավարության նիստում։

Թեմայի շրջանակում վարչապետը մեջբերել է աշխատանքային քննարկումների արդյունքում Կառավարության որդեգրած սկզբունքը՝ չպետք է լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից 1 լումա պակաս հարկ և տուրք, հայտնում է 1lurer.am-ը։

«Մեր սկզբունքը հետևյալն է, որ ՀՀ-ում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որն ունենա օբյեկտիվ հիմք՝ ասելու, որ կառավարությունը հարկային գործունեության, ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավելի հարկ կամ տուրք:

Բայց, մյուս կողմից, կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպիտի լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից 1 լումա պակաս հարկ և տուրք: Կարծում եմ՝ սա շատ կարևոր, սկզբունքային, օրինական և արդար մոտեցում է»,- ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ շաբաթ օրըտնտեսական ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ լինելու է աշխատաժողով, և խոստացել է վերջինիս շրջանակում այդ հարցը ևս քննարկել:

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ ստացած նամակներից մի քանիսը մակագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի քննարկվի և պարզվի՝ որ փաստարկն է արդարացի, որը՝ ոչ այնքան: Ըստ վարչապետի՝ շաբաթ օրը, լսելով փոխվարչապետին, կամփոփվեն քննարկումների արդյունքները, և կձևակերպվի հարցի վերաբերյալ կառավարության մոտեցումը:

«Բայց բոլոր դեպքերում մեր մոտեցումն արդեն իսկ ձևակերպված է՝ ո՛չ մի լումա ավելի, ոչ մի լումա՝ պակաս»,- ասել է նա: