AM
27 Նոյեմբեր 2025 - 13:37 AMT

ՄԻՊ․ ԶՈւ–ում կանանց դերի ընդլայնման գլխավոր խոչընդոտը կարծրատիպերն են

Վրաստանում գործող ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը համագործակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության հետ Երևանում նախաձեռնել է միջազգային համաժողով՝ «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և դրանից դուրս» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի պաշտոնյաներ, Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչներ և միջազգային ոլորտային փորձագետներ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր ելույթում նշել է, որ ԶՈւ–ում կանանց դերի ընդլայնման գլխավոր խոչընդոտը կարծրատիպերն են, հայտնում է Արմենպրեսը։

«Չափազանց կարևոր է, որ Հայաստանում նույնպես մեծ ուշադրություն դարձվի տվյալ խնդրին։ Սա պետք է անպայման վերաբերի նաև պաշտպանության ու անվտանգության ոլորտներին։ Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը և նրանց համար հավասար հնարավորությունների երաշխավորումը պետք է առաջնահերթ դերակատարություն ունենան, քանի որ հնարավոր չէ պատկերացնել նշված ոլորտներում արդյունավետ համակարգի առկայություն՝ առանց հավասար ներգրավվածության»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ թե՛ օրենսդրական, թե՛ գործնական հարթակում վերջին տարիներին նկատվել են նշանակալի դրական տեղաշարժեր, սակայն միաժամանակ շարունակում են մնալ խնդիրներ, որոնց լուծումը հրատապ է։

«Մեր արձանագրած հիմնական խնդիրը վերաբերում է կանանց ներգրավվածության ցածր մակարդակին և կանանց առաջխաղացման հետ կապված պրոբլեմներին։ Երբ խոսում ենք կանանց ներգրավվածության ձևաչափի մասին, ապա չպետք է նկատի ունենալ զուտ քանակական բաղադրիչը, թեև դա նույնպես կարևոր է, բայց ավելի էական է կանանց դերակատարության բարձրացումը։ Ուրախալի է, որ այդ խնդիրները հընթացս կարգավորման փուլում են»,–հավելել է ՄԻՊ–ը։

Մանասյանը կարևորել է նաև կանանց ներգրավումը որոշումների կայացման գործընթացներում՝ ընդգծելով, որ ՀՀ-ում անհրաժեշտ է բարելավել դրան առնչվող պայմանները։

«Մենք բավականին շատ դիմումներ ունենք զինված ուժերում ծառայող կանանցից, որոնք խոսում են ծառայության ընթացում ունեցած խնդիրների մասին, որոնք տարատեսակ են։ Առաջին հերթին դրանք վերաբերում են այն կարծրատիպերին, որոնք առնչվում են կանանց անձնական կյանքին և այլ հարցերին։ Այդ կարծրատիպերը միանշանակ ազդում են զինծառայության շրջանակում կանանց իրավունքների պաշտպանության վրա, հետևաբար մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում իրավասու մարմինների հետ խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Առաջնահերթ պետք է հաղթահարվեն կարծրատիպերը, և կանանց ներգրավվածության ընդլայնումն իրականացվի խթանիչ գործիքակազմով։ Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի նաև զինծառայության համակարգը խտրականությունից զերծ լինի»,–ասել է նա։

ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը գնահատել է համաժողովի կազմակերպումը՝ ընդգծելով դրա կարևորությունը։

«Մենք այս տարի նշում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման 25-ամյա հոբելյանը, որը նվիրված է կանանց անվտանգության և իրավունքների պաշտպանության հարցերին։ Տվյալ համաժողովում նույնպես քննարկման առարկա է դառնալու կանանց ներգրավվածության խնդիրն անվտանգության և պաշտպանության ոլորտներում, ինչն արդյունավետ համակարգի ձևավորման երաշխիքն է»,-ասել է նա։

Վիննիկովը շեշտել է, որ կանանց ամբողջական ներգրավվածությունը բարձրացնում է պաշտպանական կառույցների կայունությունն ու արդյունավետությունը։ Նա հավելել է, որ համաժողովի ընթացքում դիտարկվելու է նաև հայաստանյան և միջազգային փորձի համադրությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իռեն Ֆելինը ընդգծել է ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի դերը:

Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակում Հայաստանի ազգային գործողությունների պլանը՝ անդրադառնալով արձանագրված առաջընթացին և կարևորելով հետագա քայլերն ու ուղղությունները։