ՀԱԵ Գերմանիայի թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, անդրադառնալով համացանցում հայտնված եպիսկոպոսների դիմումին, որոնք պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոսից սառեցնել Արշակ սրբազանի լիազորությունները, Մայր Աթոռում 24news.am-ի և news.am-ի լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր անունը կա, բայց ստորագրությունը չկա, և որ ինքը չի պահանջում կաթողիկոսի հրաժարականը:
Նա նշել է, որ չի ծանոթացել տեքստին, գրում է Panorama.am-ը։
«Իմ անունը կա այտեղ, բայց ստորագրությունը չկա։ Եթե ծանոթանայի, չգիտեմ՝ կստորագրեի, թե՞ ոչ։ Կարծում եմ դա մի այնպիսի տեքստ է, որ մեծ հավանականությամբ պետք է ոչ միայն ծանոթանալ, այլ շատ ուշադիր ամեն բառի վրա մտածել, հասկանալ ինչ են իմ հոգևոր եղբայրները գրել և ինչ է պահանջը։ Չեմ կարող արտահայտվել մի բանի մասին, որի բովանդակությանն ամբողջապես չեմ տիրապետում, ինձանով չեմ յուրացրել։ Գուցե վրայով անգամ անցել եմ, կարդացել եմ, բայց չեմ յուրացրել։ Ես ժամանակ պետք է ունենամ, որպեսզի ամբողջովին հասկանամ»,–ասել է նա։
Սրբազանը հավելել է, որ հարցը պետք է ուղղել այն եպիսկոպոսներին, որոնք փաստացի ստորագրել են փաստաթուղթը։
«Ճիշտ կլինի, որ այդ հարցումն ուղղվի այն եպիսկոպոսներին, որոնք ստորագրել են, որովհետև յուրաքանչյուր ստորագրություն ենթադրում է նաև պատասխանատվություն։ Վստահաբար, այն անձերը, որոնք ստորագրել են, համաձայն են տեքստի բովանդակությանը, ոճին, և ուրեմն կրում են պատասխանատվությունը»,–ասել է նա։
Եկեղեցու հնարավոր պառակտման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սերովբե Սրբազանը նշել է. «Հուսամ, ոչ»։
Նա հայտնել է, որ մասնակցել է եպիսկոպոսական ժողովին, սակայն Արշակ սրբազանի լիազորությունների սառեցման հարցը այդ ընթացքում չի քննարկվել։ Նրա խոսքով՝ քննարկման առարկա է եղել այլ հարց, որի վերաբերյալ էլ արդեն հրապարակվել է պաշտոնական հայտարարություն։ Ինչ վերաբերում է Արշակ սրբազանի վերաբերյալ տեսանյութերին, սրբազանը նշել է, որ դրանք քննարկվել են Վեհափառի և հատուկ հանձնախմբի շրջանակում, որին ինքը ներկա չի եղել։
Պատարագների ժամանակ կաթողիկոսի անունը չհիշատակելու մասին խոսելիս սրբազանն ընդգծել է. «Ես այդ ուղղությամբ դիրքորոշում չեմ արտահայտել, բայց ոմանք դիրքորոշում արտահայտել են։ Իմ անձնական տեսական այն է, որ դա ճիշտ ճանապարհը չէ, պատարագն այն արարողությունը չէ և ոչ էլ պատարագի վայրը՝ եկեղեցին այն տեղն է, որտեղ կարելի է այսպիսի հարցեր լուծել»։
Նա նաև մեկնաբանել է Միքայել և Բագրատ սրբազանների կալանավորումները՝ ասելով. «Ես միայն հույս կարող եմ արտահայտել, որ ի վերջո արդարությունը կհաղթանակի և մեր եպիսկոպոս եղբայրները կազատվեն, կվերադառնան իրենց ծառայության գործունեության»։
Սերովբե սրբազանը վերջում հստակ հայտարարել է, որ ինքը չի պահանջում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։
Նոյեմբերի 27-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակությանը, որը Մայր Աթոռ է այցելել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Սերովբե Սրբազան Իսախանյանի ուղեկցությամբ։
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը խոսել է երկու Եկեղեցիների միջև տարբեր միջազգային հարթակներում և սոցիալական ու կրթական ծրագրերում ձևավորված համագործակցության մասին՝ շեշտելով դրա կարևորությունը հոգևոր առաքելության խորացման և ամրապնդման տեսանկյունից։
Համացանցում տարածվել է մի գրության պատճեն, որը վերագրվում է Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսներին։ Փաստաթղթում նշվում է, թե փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը։
Ի պատասխան, Արշակ Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը նշել է, որ նման փորձաքննության իրականացման մասին ոչ իրենց, ոչ էլ sրբազանին պաշտոնապես ծանուցում չի ներկայացվել։ Նա ընդգծել է, որ նույնիսկ եթե նման փորձաքննություն էլ գոյություն ունի, այն չի կարող տրամադրվել երրորդ կողմին՝ նախաքննության գաղտնիության խախտման պատճառով։ Պաշտպանը կոչ է արել ՀՀ քննչական կոմիտեին ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանում՝ ստեղծված իրավական անորոշությունը հարթելու համար։






