AM
28 Նոյեմբեր 2025 - 08:01 AMT

Էստոնիան ՀՀ–ում դեսպանություն կբացի 2026 թվականին

Էստոնիան ՀՀ–ում դեսպանություն կբացի 2026 թվականին։ Այդ մասին Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայը հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում։

Միրզոյանն իր գոհունակությունն է արտահայտել Էստոնիայի կողմից կայացված այդ կարևոր որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հիրավի արտահայտում է երկու երկրների միջև ձևավորված ամուր գործընկերությունն ու դրա հետագա խորացման հարցում երկուստեք արտահայտված շահագրգռվածությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի առաջմղմանը միտված կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման հարցեր։ Մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ։

Ի թիվս այլ ուղղությունների, անդրադարձ է կատարվել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում փոխգործակցության հարցերի։ Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադարձ է կատարվել «ԹՐԻՓ ուղի» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորություններին։