AM
28 Նոյեմբեր 2025 - 08:47 AMT

Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործակցության և գագաթնաժողովի նախապատրաստումը

Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Բելգիայի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Վերոնիկ Պետին քննարկել են երկկողմ ու բազմակողմ համագործակցության զարգացումը, տարածաշրջանային գործընթացները և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև COP17 համաժողովի և Երևանի կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքները։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Բելգիայի միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը: Երկուստեք ընդգծվել է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փոխգործակցության հետագա խորացման պատրաստակամությունը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, այդ թվում՝ Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքներին: Այս համատեքստում ներկայացվել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մանրամասները:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից հյուընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը ներկայացրել է ՀՀ տեսլականը COP17-ի անցկացման առնչությամբ և նշել, որ Հայաստանը ջանք չի խնայում Համաժողովին բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությունն ապահովելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ: Քննարկվել են Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքների մանրամասները։

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովն անցկացվելու է Երևանում 2026–ի հոկտեմբերին, իսկ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ մայիսին։