AM
28 Նոյեմբեր 2025 - 09:43 AMT

Մայր աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է գումարվել

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է գումարվել։ Տեղեկությունը հայտնել է Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ժողովը կվերջանա, ամեն ինչ կիմանանք»,– ասել է նա` նշելով, որ չգիտի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասնակցած հոգևորականները ներկա են ժողովին, թե ոչ։

Երբ հարց է հնչել՝ ինչ մթնոլորտ է տիրում եկեղեցում, հոգևորականը պատասխանել է. «Խաղաղ, աղոթական»։

Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունը վարում է քննադատական քաղաքականություն եկեղեցու, հատկապես կաթողիկոսի նկատմամբ։ Ներկայումս կալանքի տակ են «Սրբազան պայքար» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։

Նոյեմբերի 27–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։ Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։