AM
28 Նոյեմբեր 2025 - 10:52 AMT

Աբիսողոմոնյանն ու Սկուգը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցության հեռանկարները պաշտպանական ոլորտում

Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Օլոֆ Սկուգը քննարկվել են Հայաստան-ԵՄ ոլորտային համագործակցության, այդ թվում՝ պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին առնչվող հարցերում փոխգործակցության հեռանկարները։

Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ ձևավորված համակողմանի օրակարգը՝ ընդգծելով խորացող համագործակցության կարևորությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները` շեշտելով դրանց կարևորությունը տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում:

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ընդգծել վերջինիս ներուժի կիրարկման կարևորությունը Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության խթանման գործում։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։