AM
28 Նոյեմբեր 2025 - 13:07 AMT

ԱԺ-ն վավերացրել է ԵՄ առաքելություններին ՀՀ-ի մասնակցության համաձայնագիրը

Ազգային ժողովի արտահերթ նիստում հրատապ կարգով քննարկվել և ընդունվել է ԵՄ առաքելություններին ՀՀ-ի մասնակցության համաձայնագիրը:

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացվել է 55 կողմ ձայնով, հայտնում է Panorama.am-ը։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ներկայացնելով օրինագիծը, ասել է․ «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդլայնվող համագործակցության շրջանակներում արդեն իսկ շատ կարևոր տեղ է զբաղեցնում անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, և այս համագործակցության շրջանակում է նաև, որ Հայաստանում տեղակայվել է ԵՄ դիտորդական առաքելություն»։

Փոխնախարարը շեշտել է, որ Հայաստանը նպատակ ունի հանդես գալ ոչ միայն որպես անվտանգության սպառող, այլև որպես աջակցող կողմ՝ մասնակցելով եվրոպացի գործընկերների կողմից իրականացվող անվտանգային նախաձեռնություններին։

Նրա պարզաբանմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին, և դրա վավերացմամբ ՀՀ-ն ու ԵՄ-ն կնախանշեն այն ընդհանուր պայմանները, որոնց շրջանակում Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին։

Կոստանյանն ընդգծել է, որ այս պահին ԵՄ-ն ունի 20 գործող առաքելություն, որոնցից մի քանիսը՝ ինչպես Բոսնիա և Հերցեգովինայում, իրականացվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների հիման վրա, իսկ մյուսները՝ մասնակից պետությունների հրավերով, ինչպես եղել է Հայաստանի դեպքում։

Անդրադառնալով ֆինանսական բաղադրիչին՝ Կոստանյանը նշել է, որ համաձայնագրով սահմանվում է, որ մասնակից պետություններն իրենք են կրում իրենց ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը։

«ԵՄ-ն թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական առաքելությունների պարագայում ունի համապատասխան գործիքակազմ, որով հնարավորություն ունի աջակցելու մասնակցող պետություններին: Այստեղ տարբեր հաշվարկային մեխանիզմներ կան, այդ թվում՝ պետությունների ՀՆԱ-ի հետ կապված»,-հայտնել է Կոստանյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը դեռևս չի բյուջետավորել մասնակցության հետ կապված ծախսերը, քանի որ ներկայումս ձևավորվում է օրենսդրական հիմքը, և առաքելություններին միանալու վերաբերյալ որևէ կոնկրետ որոշում առայժմ չկա։ Անհրաժեշտության դեպքում ծախսերը հնարավոր կլինի հոգալ պետական պահուստային ֆոնդից։

Ըստ Կոստանյանի՝ համաձայնագրի տրամաբանությամբ ԵՄ-ն յուրաքանչյուր առաքելության համար ուղղում է հրավեր, և Հայաստանը որոշում է կայացնում՝ արդյոք մասնակցել տվյալ առաքելությանը, թե ոչ։