Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:
Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 12-րդ հանդիպումը կայանում է կողմերից մեկի տարածքում՝ ադրբեջանական Գաբալա քաղաքում, հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Հանդիպման ընթացքում կողմերը նշել են 2025թ. հունվարի 16-ի 11-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունը պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանն Իրանի հետ սկսելու վերաբերյալ:
Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ:
Քննարկվել են նաև սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը:
Գրիգորյանը և Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը ՀՀ քաղաքներից մեկում:






