ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի եւ ոլորտի ասոցիացիաների համագործակցությամբ 2009թ.-ի հունիսի 18-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպում են «Հայաստանի զբոսաշրջության մրցունակության» երրորդ համաժողովը: Միջոցառման նպատակն է նպաստել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը եւ ընձեռել կապերի հաստատման հնարավորություններ, ոլորտի շահառուներին տրամադրել արդիական տեղեկություններ զբոսաշրջության ոլորտի ներկայիս վիճակի վերաբերյալ եւ խրախուսել ոլոտի հիմնախնդիրների վերհանումը առանձին խմբային քննարկումների միջոցով:
Գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքով զբոսաշրջության ոլորտը Հայաստանում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում կանգնած է լուրջ դժվարությունների առջեւ: Այս փաստը հաշվի առնելով` համաժողովը կլուսաբանի այլ երկրների ջանքերը, որոնք ուղղված են մեղմացնելու զբոսաշրջային ժամանումների տեմպի անկումը, ինչպես նաեւ կտրամադրի ծախսարդյունավետ մարկետինգային ռազմավարությունների ուղեցույցեր:
Փորձելով հստակեցնել պետական հատվածի զբոսաշրջային կառույցների դերերը եւ պարտականությունները` այս տարվա համաժողովը նաեւ նպատակ ունի ներկայացնել CAPS ծրագրի եւ նրա գլխավոր գործընկերիների փորձերը` ուղղված զբոսաշրջության ոլորտում ՏՏ արդիական լուծումների կիրառման խթանմանը ՏՏ եւ զբոսաշրջության կլաստերների փոխկապակցման միջոցով: Քննարկվելիք թեմաները ներառում են` Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների նպատակային գովազդումը, երկրի զբոսաշրջային աշխատուժի հմտությունների եւ ունակությունների զարգացումը եւ զբոսաշրջային կազմակերպությունների համար հաջող մարկետինգային ռազմավարությունների մշակումը: