AM
17 June 2009 - 11:43 AMT

Ստանդարտների եւ կանոնների պահպանման հաշվապահական հաշվառումն ու աուդիտը Հայաստանում պետք է համապատասխանեցնել միջազգային չափանիշներին

Հայաստանում Ստանդարտների եւ կանոնների պահպանման հաշվապահական հաշվառման ու աուդիտի ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված բարեփոխումները նախատեսվում է ավարտել 2009թ. ավարտին, ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Հայաստանում հաշվապահական հաշվառման ու աուդիտի կիրառման ու զարգացման հարցերին նվիրրված խորհրդաժողովում: «Հայաստանը օրենսդրական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ է անցկացնում այդ համակարգում, որը ավարտին կհասցվի միչնչեւ տարեվերջ»,-ասել է նա:

Ըստ Դավթյանի, ստանդարտների եւ կանոնների պահպանման հաշվապահական հաշվառումն ու աուդիտը ֆինանսատնտեսական ոլորտի կարեւորագույն ոլորտներից մեկն է: Այս համատեքստում, ֆինանսների նախարարը կարեւորել է այդ համակարգերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը, ինչպես նաեւ նշել է, որ բարեփոխումների հարցում Հայաստանին աջակցում են նրա միջազգային գործընկերները, մասնավորապես Համաշխարհային բանկը:

Իր հերթին Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հավելել է, որ կորպորատիվ կառավարման չափանիշների կիրառումը Հայաստանում թույլ կտա կրճատել կոռուպցիոն ռիսկերը, ինչն իր հերթին կնպաստի ներդրողների վստահության ավելացմանը, հիմք կծառայի փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, ինչպես նաեւ կնպաստի երկրի կայուն տնտեսական զարգացմանը: