Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացման նախաձեռնողը եղել է պաշտոնական Բաքուն: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը: Նա ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի անձնական ներկայացուցիչների միջեւ Պրահայում վերջերս կայացած խորհրդատվությունների ընթացքում հայկական կողմին առաջարկ է փոխանցվել նախագահների հանդիպման արագացման վերաբերյալ: Ադրբեջանցի դիվանագետը ենթադրել է, որ Քոչարյանի եւ Ալիեւի զրույցը կկայանա որեւէ միջազգային համաժողովի շրջանակներում: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը հաստատել է, որ հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Քիշնեվում, ուր մտադիր էին ժամանել երկու նախագահները ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Սակայն, գագաթնաժողովը, որը պետք է կայանար մայիսի վերջին, տեղափոխվել է հոկտեմբեր: Ազիմովը հայտարարել է, որ ճիշտ չէր լինի հանդիպումը հետաձգել մինչեւ աշուն, քանի որ դա կարող է բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա: Ելնելով դրանից` Ադրբեջանը, Ազիմովի խոսքերով, հանդես է եկել հանդիպումը արագացնելու նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ մեկնաբանելով Պրահայի բանակցությունների արդյունքները, Հայաստանի նախագահը հաղորդել է լրագրողներին առաջիկա հանդիպման մասին, որից հետո Բաքվի ԶԼՄ-ները մեղադրել են նրան բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության մասին պայմանավորվածությունը խախտելու մեջ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: