AM
18 June 2009 - 13:34 AMT

Հեյլի Ալեքսանդր. «2009 թվականին ակնկալվում է ոչ մեծ աճ զբոսաշրջության ոլորտում»

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի հիմնական նպատակներից է տարբեր պետական կառույցների միջեւ փոխհամագործակցության կանոնակարգումը, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ծրագրի ղեկավար Հեյլի Ալեքսանդրը: «Այս տարի հիմնվել է Մրցունակության ազգային հիմնադրամը, սա նոր կառույց է, եւ մենք ցանկանում ենք համակարգել համատեղ գործունեությունը»,-ասել է նա: Նրա խոսքերով, այս ծրագրի իրագործմանն ուղղված միջոցները սահմանափակ են, սակայն բոլոր ջանքերը նպատակաուղղված կլինեն նրան, որ յուրաքանչյուր կողմ հստակ սահմանի իր դերն ու գործելու ուղղությունը, այլ ոչ թե գործի առանձին: Այս խորհրդաժողովի նպատակն, ըստ նրա, շուկաների ուսումնասիրությունն է, այնտեղ մուտք գործելու նպատակով:

Ալեքսանդրը չցանկացավ նշել այն գումարը, որը տրամադրվել է ծրագրին: «Ինձ շատ են այդ հարցը տալիս, սակայն այստեղ գլխավորը ոչ թե միջոցներն են, այլ աշխատանքը, այն, թե մենք ինչ ենք անում այս ոլորտի մրցունակության բարձրացման համար»:

Ըստ ծրագրի ղեկավարի, զբոսաշրջության ոլորտի մրցունակությունը կախված է տրամադրվող ծառայությունների որակից: Հայաստանի համակարգում, ըստ նրա, հետաքրքիր են տրամադրվող ծառայությունները, ճարտարապետությունը, մշակույթը, պատմությունը` այս ամենը բնորոշ է Հայաստանին եւ կարող է բավարար մրցունակություն ապահովել:

Հ.Ալեքսանդրը ոչ մեծ աճ է ակնկալում զբոսաշրջության ոլորտում: «2008թ. շատ ծանր էր ողջ աշխարհի համար, այդ թվում նաեւ Հայաստանի, սակայն ես կարծում եմ, որ արդեն իսկ որոշակի քայլեր են ձեռնարկվում այս վիճակից դուրս գալու համար, եւ 2009թ. փոքր աճ կարձանագրվի»,-ասել է նա: Այս առնչությամբ նա հավելել է, որ 2008-ին աճը զբոսաշրջության ոլորտում կազմել է 15 տոկոս, 2009-ին մեծ փոփոխություններ չեն ակնկալվում, թեեւ փոքր աճ կլինի:

Երեւանում անցնում է «Հայաստանի զբոսաշրջության մրցունակությունը» երրորդ համաժողովը: Համաժողովի նպատակն է աջակցել զբոսաշրջության զարգացմանը, համագործակցել ոլորտի իրական իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը, ինչպես նաեւ նպաստել այդ ոլորտի խնդիրների լուծմանը:

Համաժողովի կազմակերպիչներն են CAPS-ը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը, Ազգային մրցունակության հիմնադրամը:

Զբոսաշրջության ոլորոտը Հայաստանում լուրջ դժվարությունների առջեւ է կանգնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, որի կապակցությամբ համաժողովում կներկայացվեն անկման տեմպերի մեղմացմանն ուղղված երկրների ջանքերը, ինչպես նաեւ անհրաժեշտ խորհուրդներ կտրվեն: Բացի այդ, համաժողովի շրջանակներում կքննարկվեն նաեւ զբոսաշրջության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդիական լուծումների կիրառման դեպքում: