AM
18 June 2009 - 15:58 AMT

Հայաստանում անհրաժեշտ է բարձրացնել հարկահավաքման արդյունավետությունը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ կոչ է արել համապատասխան պետական մարմիններին հարկահավաքաման գործում աջակցել Պետական եկամուտների կոմիտեին:«Համար մեկ առաջադրանքը պետեկամուտների կոմիտեին աջակցելն է: Մենք պետք է գիտակցենք, որ հարկահավաքումը միայն կոմիետի խնդիրը չէ: Մեր գերատեսչությունները շատ անտարբեր են այս հարցի հանդեպ»,- ասել է նա: Սարգսյանի խոսքերով, ամենադժվարը լինելու են առաջին ինն ամիսները, իսկ տարեվերջին ցուցանիշներն ավելի են վատթարանալու: Ուստի նա բոլոր նախարարներին եւ գերատեսչության ղեկավարներին հանձնարարել է եռօրյա ժամկետում ներկայացնել իրենց առաջարկությունները, թե ոլորտում ինչ միջոցներ կարելի է գտագործել, որպեսզի օգնեն պետական եկամուտների կոմիտեին հարկահավաքման հարցում:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հարկային վճարումների հետ կապված զգալի խնդիրներ կան առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի եւ կապի ոլորտներում: «Այդ առումով մեծ պոտենցիալ ունի առողջապահության նախարարությունը, քանի որ մենք հաշվապահական հաշվառման լուրջ խնդիրներ ունենք նաեւ բժշկական հաստատություններում: Նման խնդիրներկան նաեւ գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կան խոշոր վերամշակող ձեռնարկություններ, տրանսպորտի եւ կապի ոլորտում, շինարարության ոլորտում»,- ասել է նա:

Բացի դրանից, վարչապետի խոսքերով, հիմնական տնտեսական անկումը պայմանավորված է շինարարության ոլորտում տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ, որն իր բացասական ազդեցությունն է թողնում բոլոր ոլորտների վրա: Եվ քանի որ շինարարության մեջ ներդրումները հիմնականում գալիս են Ռուսաստանից, ապա մասնավոր փոխանցումների եւ ներդրումների ծավալի կրճատումն առաջին հերթին հարվածում է շինարարության ոլորտին: «Մենք պետք է լրացուցիչ միջոցառումներ կիրառենք խթանելու շինարարությունը, որպեսզի այս տարի կարողանանք դիմակայել այս բարդություններին»,- ասել է ՀՀ վարչապետը: