AM
23 May 2002 - 19:15 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կդառնա, հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք, Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման հիմնական թեման: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով թուրքական «Զաման» թերթը, Վարդան Օսկանյանի, Իսմաիլ Ջեմի եւ Վիլայաթ Գուլիեւի առաջիկա հանդիպման ժամանակ, որը կկայանա Սեւծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության 10-ամյա հոբելյանի շրջանակներում, առաջին անգամ հիմնական ուշադրությունը կդարձվի Ղարաբաղի հարցին: Անդրադառնալով արտաքին քաղաքականության գերատեսչությունների առաջիկա հանդիպմանը` Անկարայում Ադրբեջանի դեսպան Մեհմեդ Նովրուզողլին գնահատել է այն որպես դրական եւ ողջունել է Թուրքիայի ջանքերը «ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծման գործում»: Դիվանագետը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը կանի հնարավորը հակամարտության խաղաղ կարգավորման համար եւ «պատրաստ է ճանաչել տարածաշրջանում բնակվող հայերի ինքնավարությունը»: Նովրուզողլիի կարծիքով, շրջափակման պատճառով Հայաստանը հեռու է մնում «մեծ նախագծերից» եւ տնտեսական համագործակցությունից: Նա նշել է, որ Հայաստանի տնտեսությունը շատ է տուժել, քանի որ «մոտ երկու միլիոն մարդ լքել են հանրապետությունը»: Դիվանագետի խոսքերով, չնայած դրան, Հայաստանը «չգնալով ադրբեջանական հողերից, ձգտում է խաղաղության»: Նովրուզողլին հայտարարել է, որ «պաշտոնական Երեւանը շարունակում է առաջ քաշել այն թեզը, որի համաձայն պատրաստ է հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայերի մասնակցությամբ հիմնախնդրի լուծման համար»: Այնուամենայնիվ, նշել է դեսպանը ադրբեջանական կողմը մի շարք սպասումներ ունի Ստամբուլում կայանալիք Օսկանյան-Ջեմ-Գուլիեւ հանդիպումից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: