Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստում, որը կկայանա մայիսի 28-ին Լյուցեռնում, Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցողի նշանակման հարցի հետ մեկտեղ, կքննարկվի նաեւ հատուկ կառույցի` “Ղարաբաղի հարցով ժամանակավոր կոմիտեի» ստեղծման անհրաժեշտությունը: Այդ մասին երեկ հայտարարել է ԵԽԽՎ քաղաքական քարտուղարության ղեկավար Բառիշ Պերինը: Ենթադրվում է, որ ժամանակավոր կոմիտեի կազմում կընդգրկվեն ԵԽԽՎ-ի մոնիտորինգի կոմիտեի զեկուցողները Ադրբեջանի եւ Հայաստանի գծով, եւ ԵԽԽՎ քաղաքական խմբերի ներկայացուցիչները: Ադրբեջանի միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի խոսքերով, կոնկրետ պայմանավորվածություն Ղարաբաղի գծով Ժամանակավոր կոմիտե ստեղծելու մասին դեռեւս չկա: Այնուամենայնիվ, նա չի բացառել, որ Լյուցեռնում այդ հարցը կլուծվի: Ընդ որում Սեիդովը նշել է, որ կոմիտեի ստեղծումը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների հետ: Ղարաբաղի գծով Ժամանակավոր կոմիտեի ստեղծման նպատակը Եվրոպայի Խորհրդի կողմից ղարաբաղյան հարցի առավել մանրակրկիտ ուսումնասիրությունն է: Ամենայն հավանականությամբ, Ղարաբաղի գծով Կոմիտեն իր աշխատանքը կսկսի ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանից հետո: Մինչ այդ կորոշվի այդ կառույցի կարգավիճակը, նրա առաքելությունը, կազմը եւ գործունեության կարգը: Նշենք, որ ԵԽԽՎ-ի շրջանակներում արդեն ստեղծվել է Ժամանակավոր կոմիտե Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: