Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին մասնակցել է «Bridge Artsakh» տնտեսական համաժողովին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդես գալով ելույթով` Սահակյանը ողջունեց բոլորին եւ շնորհավորեց ,Բրիջ Արցախե տնտեսական համաժողովի աշխատանքները սկսելու կապակցությամբ:
«Միաժամանակ երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը եւ ,ՄԱՍՏԵՐե միջազգային ինտեգրացման աջակցության կենտրոնին` արցախյան տնտեսության զարգացման հեռանկարներին նվիրված համաժողովի կազմակերպման եւ անցկացման համար։ Այս ձեռնարկումը վկայում է Արցախի եւ նրա տնտեսության օրակարգում առկա խնդիրների նկատմամբ հայաստանյան եւ օտարերկրյա մեր գործընկերների եւ տնտեսական շրջանակների հետաքրքության մասին։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ջանքերը, որոնց շնորհիվ Արցախը կարող է որակապես նոր հարթություն հանել իրեն հուզող հարցերի քննարկումը։
Նրա խոսքով, պարտադրված կործանարար պատերազմի ավարտից ի վեր ԼՂ վերականգնումը մշտապես եղել է Հայաստանի եւ Սփյուռքի ուշադրության կենտրոնում։ Միասնական ջանքերի շնորհիվ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարողացավ արագորեն կերպարանափոխվել եւ հիմնականում հաղթահարել մարդասիրական սուր ճգնաժամի հետեւանքներն ու հետպատերազմյան դժվարությունները։«Երախտապարտ լինելով Հայաստանին ու աշխարհասփյուռ հայությանը մեր երկրին ցուցաբերած մարդասիրական անգնահատելի աջակցության համար, մենք ուղիներ ենք որոնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության բնականոն զարգացման եւ արտաքին աշխարհի, առաջին հերթին՝ Հայաստանի հետ փոխշահավետ առեւտրատնտեսական կապերի խորացման եւ ընդլայնման ուղղությամբ։ Սա է այն հիմքը, որի վրա պետք է կառուցենք մեր բնակչության սոցիալտնտեսական բարեկեցությունը, սա է նաեւ Արցախը վերաբնակեցնելու բանալին»,- նշել է նա։
ԼՂՀ նախագահի խոսքով, աշխարհի հետ հարաբերվելու եւ փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար անհրաժեշտ են համապատասխան իրավական եւ ինստիտուցիոնալ հիմքեր։ Խոսքը հարկային ճկուն վարչարարության եւ ֆինանսավարկային քաղաքականության կատարելագործման, ինչպես նաեւ Արցախի ներդրումային հիմնադրամի աշխատանքի մասին է։ Այդ կառույցի վրա է դրված հեռանկարային տնտեսական ծրագրերի մշակման եւ իրականացման աջակցության պատասխանատու առաքելությունը։ «Հույս ունեմ, որ ձեւավորելով անհրաժեշտ ներուժ եւ կուտակելով մասնագիտական փորձ, այն կդառնա մեր հանրապետությունում ձեռներեցների խորհրդատուն եւ հուսալի գործընկերը»,- ասել է Սահակյանը։
Բակո Սահակյանն ավելացրել է, որ Արցախում ստեղծվում են բոլոր պայմանները բիզնեսը զարգացնելու եւ ներդրումներ կատարելու համար: Դրա հետ մեկտեղ, երկիրը հարուստ է բնական պաշարներով: Ամենահեռանկարային ոլորտներից են գյուղատնտեսությունը, լեռնահանքային եւ վերամշակող արդյունաբերությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը: «Սակայն մեր երկրի ամենամեծ հարստությունը` մեր մարդկային կապիտալն է, մեր ժողովրդի մտավոր ունակությունները, աշխատասիրությունը, օրինապաշտությունը, զարգանալու եւ ինքնակատարելագործվելու ձգտումը: Միջազգային ֆինանսատնտեսական ներկայիս ճգնաժամի պայմաններում դժվար է խոսել զարգացման հեռանկարների մասին։ Դժվար է, բայց ոչ անհնարին։ Ավելին՝ զարգացումն այլընտրանք չունի։ Մենք կանգնած ենք հին հարցերը նոր իրողություններում լուծելու հիմնախնդրի առջեւ։ Իսկ դա պահանջում է հնարավորությունների վերագնահատում, ռազմավարական ուղղությունների եւ մեր գործընկերների հետ համագործակցության հեռանկարների հստակեցում»,- ընդգծել է նա։
Սահակյանը նշել է, որ ներկայիս տնտեսական համաժողովի ձեւաչափը հնարավորություն է ընձեռում համակողմանի քննարկումներ ծավալել տնտեսությանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ «Այս ներուժը մենք անպայմանորեն գործադրելու ենք նաեւ մեր հետագա համագործակցության ընթացքում։ Վստահ եմ, որ պետություն-բիզնես ծավալվող երկխոսության ընթացքում կծնվեն նոր մտքեր, առաջ կգան գործնական առաջարկներ գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, վարկային համակարգի, ինչպես նաեւ ներգնա տուրիզմի զարգացման վերաբերյալ»,- ասել է նախագահը։
Ըստ ԼՂՀ նախագահի, առկա իրողություններում հատկապես արժեւորվում են ձեռներեցության խնդիրների եւ հեռանկարների վերաբերյալ մասնակիցների տեսակետները։ «Առանձնակի կարեւորություն ենք տալիս նաեւ արցախյան գործարարների եւ պետական պաշտոնյաների՝ տնտեսագիտության ոլորտում մասնագիտացմանն առնչվող հարցերին»,- ավելացրել է նա: