Այսօր առավոտյան մեկօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նրան ուղեկցում է Դաշնային Ժողովի վերին պալատի անդամների խումբը: Սերգեյ Միրոնովը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի Դաշնության առջեւ Հայաստանի պետական պարտքի մարմանը, ուղղակի տրանսպորտային հաղորդակցությանը, Կրասնոդարի երկրամասում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Ռուսաստանցի օրենսդիրները կհանդիպեն նաեւ խորհրդարանական հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարների հետ: Հյուրերին կընդունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Պատվիրակության անդամները կայցելեն Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ կծանոթանան ցեղասպանության թանգարանի նյութերին: Ռուսաստանցի օրենսդիրները կլինեն Հայ-ռուսաստանյան սլավոնական համալսարանում եւ բարձրագույն հաստատության գրադարանին կնվիրաբերեն մոտ հազար անուն գիրք ռուս դասականների ստեղծագործություններով: Վաղը Սերգեյ Միրոնովը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամները կմեկնեն Թբիլիսի, իսկ այնտեղից` Բաքու:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: