AM
22 June 2009 - 15:24 AMT

Գրանթ Թորնթոն Ամիօն կիրականացնի Ղրղզստանի Կենտրոնական բանկի տարվա աուդիտը

Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերությունը` Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի հայաստանյան անդամը, կիրականացնի Ղրղզստանի Կենտրոնական բանկի` 2009 թվականին հաշվեփակվող տարվա աուդիտը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, այս տարվա հունիսի 11-ին Ղրղզստանի Խորհրդարանը հաստատել է Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերությանը` որպես Ղրղզստանի Կենտրոնական բանկի 2009 թվականին հաշվեփակվող տարվա աուդիտոր:

Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերության բաժնետեր եւ ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժնի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը մեկնաբանում է. «Շատ ուրախ ենք, որ հաղթել ենք այս մրցույթում եւ որ հնարավորություն ունենք Ղրղզստանի Կենտրոնական բանկին մատուցել բարձրորակ ծառայություններ: 2008 թվականի նոյեմբերին Ղրղզստանի Խորհրդարանի կողմից օրենքում կատարվեցին որոշ փոփոխություններ, որոնց արդյունքում հանվեց Ղրղզստանում աուդիտորական գործունեության ծավալման համար լիցենզիայի առկայության պահանջը: Այս փոփոխություններից հետո մեր ընկերությունը համապատասխան դարձավ սույն առաջադրանքին: Ունենալով նաեւ փորձ ՀՀ Կենտրոնական բանկի աուդիտի իրականացման մեջ` Գրանթ Թորնթոն Ամիօն լիովին բավարարեց սույն մրցույթի պահանջները: Որպես մեր զարգացման ռազմավարության մի մաս` մենք ջանքեր ենք ներդնում նաեւ մեր գործունեության աշխարհագրական ընդլայնման ուղղությամբ: Լինելով Հայաստանի առաջատար աուդիտորական եւ խորհրդատվական ընկերությունը` Գրանթ Թորնթոն Ամիօն վերջին տարիներին նաեւ այլ շուկաներում է ծառայություններ մատուցում»:

Ավելի քան մեկ տասնամյակ Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերությունը աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ է մատուցում բազմաթիվ կազմակերպությունների` ներառյալ ֆինանսական հաստատությունների Հայաստանում, Վրաստանում, Տաջիկիստանում եւ այլ երկրներում, որոնց շարքում են 25 բանկեր եւ տասնյակ վարկային եւ ապահովագրական ընկերություններ, հիմնադրամներ: