AM
23 Հունիս 2009 - 10:16 AMT

ՄՏՀ-ն Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը կմեծացնի մինչեւ $822,7 մլն

Միջազգային Տարադրամային Հիմնադրամի (ՄՏՀ) գործադիր խորհուրդն ավարտեց Հայաստանի տնտեսական կատարողականության առաջին ամփոփումը պահեստային միջոցների (Stand-By Arrangement) մասին 28-ամսյա համաձայնագրի շրջանակներում եւ հավանություն տվել ֆինանսական օգնությունը մինչեւ 533,6 մլն SDR (մոտ $822,7 մլն կամ Հայաստանի քվոտի 580%) ավելացնելու հարցին, հաղորդում է ՄՏՀ երեւանյան գրասենյակը:

Հաղորդագրության համաձայն, այս որոշումները հնարավորություն են տալիս անմիջականորեն 102,7 մլն SDR (մոտ $158,3 մլն) տրամադրել` տեղակայված ընդհանուր գումարը հասցնելով մինչեւ 264,2 մլն SDR-ի (մոտ $400 մլն):

Հավանության արժանացած փոփոխությունները կաջակցեն Հայաստանի վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առավել ծանր ազդեցության պայմաններում երկրի կառավարության տնտեսական ծրագրին: Պահեստային միջոցների մասին 28-ամսյա համաձայնագիրը հավանության է արժանացել մարտի 6-ին:

Ծրագրի հիմնական նպատակներն են` վատթարացող գլոբալ հեռանկարին հարմարվելուն ուղղված ծրագրերի օժանդակությունը, տարադրամային եւ ֆինանսական համակարգի հանդեպ վստահության վերականգնումը, բնակչության աղքատ խավերի պաշտպանությունը: