Լոռու եւ Շիրակի մարզերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից իրականացվող կառուցապատման աշխատանքների ընթացքն է քննարկվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի` այսօր անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, հաղորդում է հանրապետության նախագահի մամլո ծառայությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքաշինության նախարարը, ՀՀ գլխավոր ճարտարապետը, Շիրակի եւ Լոռու մարզպետները, Գյումրիի քաղաքապետը, «Գլենդել Հիլզի» գլխավոր տնօրենը, պաշտոնատար այլ անձինք:
Պայմանագրերի համաձայն, «Գլենդել Հիլզի» կողմից Գյումրիում պետք է կառուցվի 3030 բնակարան, որից 1320 նախատեսված է ավարտել այս տարի: Ընկերությունը բնակելի տներ է կառուցում նաեւ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում:
Քաղաքաշինության նախարարը ներկայացրել է ընդհանուր աշխատանքների ընթացքը` տեղեկացնելով, որ Գյումրիում բազմաբնակարան շենքերի շինարարությունը ընթանում է սահմանված գրաֆիկով, եւ այս տարվա նոյեմբերի առաջին տասնօրյակում կսկսվի բնակարանների հանձնումը: Գյուղական բնակավայրերի վերաբերյալ նախարարն ասել է, որ հողային աշխատանքներն ավարտվել են եւ սկսվել է կառուցապատումը:
«Գլենդել Հիլզի» գլխավոր տնօրենը նշել է, որ ընկերությունը հիմնականում օգտագործում է տեղերի աշխատուժը եւ այս պահին աշխատանքներում ներգրավված է 700 մարդ, շինարարության տարբեր փուլերի հետ կապված մինչեւ տարեվերջ Շիրակի եւ Լոռու մարզերում աշխատողների թիվը կհասնի 3000-ի:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ընդգծել է նախատեսված աշխատանքներն ամբողջ ծավալով եւ սահմանված ժամկետներում բարձր որակով կատարելու անհրաժեշտությունը` նշելով, որ այդ հարցում խիստ հետեւողական են լինելու: Նա կարեւորել է նաեւ շահառուների ցանկի հստակեցումը եւ չարաշահումների բացառումը:Կարեն Կարապետյանը շեշտել է, որ ծրագրի ամբողջ ընթացքը լինելու է Հանրապետության նախագահի վերահսկողության ներքո, եւ ինքն առաջիկայում նաեւ տեղերում կծանոթանա կատարվող աշխատանքներին: