AM
24 June 2009 - 15:37 AMT

ԱՄՀ. 2011 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ Հայաստանի պետպարտքի տեսակարար կշիռը կարող է հասնել 46 տոկոսի

2011 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ Հայաստանի պետպարտքի տեսակարար կշիռը կարող է հասնել 46 տոկոսի, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայկական գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը : «Հայաստանի արտաքին պետպարտքն աճում է եւ 2011 թվականին, ԱՄՀ-ի կանխատեսումներով, վերջինիս տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կարող է հասնել 46 տոկոսի, դա կառավարվող մակարդակ է», -ասել է նա: Այդ առնչությամբ Օմեսը նշել է, որ ԱՄՀ-ի կանխատեսումներով, այդ ցուցանիշը 50 տոկոսից ցածր կլինի:

Ինչպես հաղորդել է ԱՄՀ-ի հայկական գրասենյակի մշտական ներկայացուցիչը, 2009 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 18 տոկոս, գալիք տարում այն կմեծանա մինչեւ 30 տոկոս: Օմեսի կարծիքով, Հայաստանը բավական ներուժ ունի այն վճարելու համար:

ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը երկուշաբթի օրն ավարտել է պահուստային միջոցների մասին 28-ամյա համաձայնագրի (Stand-By Arrangement)շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի վերջին ամփոփումը եւ հավանություն է տվել մինչեւ 533.6 մլն SDR (շուրջ 822.7 մլն դոլար կամ Հայաստանի քվոտայի 580 տոկոսը) ֆինանսական օգնության մեծացմանը, հաղորդում է ԱՄՀ-ի երեւանյան գրասենյակը:

Հաղորդագրության համաձայն, այդ որոշումները հնարավորություն են տալիս անմիջականորեն 102.7 մլն SDR (շուրջ 158.3 մլն դոլար) տրամադրել` ընդհանուր գումարը հասցնելով մինչեւ 264.2 մլն SDR (շուրջ 400 մլն դոլարի):