AM
25 June 2009 - 13:15 AMT

ՀԱԵ կնշի Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու եւ Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը

Հուլիսի 4-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու եւ Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը: Տոնի առթիվ հուլիսի 4-ին` ժամը` 14.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կբացվի լուսանկարիչ Տիգրան Սահակյանի անհատական ցուցահանդեսը:

Կցուցադրվեն եկեղեցիների, բնության, կենդանիների, ճանապարհի, քաղաքի յուրահատուկ լուսանկարներ: Ցուցահադեսին ներկայացված են լինելու Մեղրիի Ս. Աստվածածին խոնարհված եկեղեցու մանրանկարները, որոնք 18-րդ դարի կեսին պատկերվել են Հովնաթանյանների կողմից: Կադրերը բացառիկ են: Հայաստանի շատ քիչ եկեղեցիներում պահպանվել է պատի վրա մանրանկարչություն: Հատկանշական է, որ երբ տարիներ առաջ ցանկացել են մանրանկարների գույները թարմացնել նոր ներկերով, ապա ժամանակ անց նոր գույները խունացել են` զիջելով հնագույն ներկերի որակին:

Ցուցահանդեսին ներկայացված եկեղեցու այլ լուսանկարներում կա Խորակերտ եկեղեցին, որը գտնվում է Հայաստանի Ջիլիզա եւ Վրաստանի Չանախչի գյուղերի սահմանին: Այս եկեղեցին մի շարք այլ հայկական եկեղեցիների հետ Վրաստանը պահանջում է ճանաչել իբրեւ վրացական: Նկարահանումներն այս եկեղեցում գաղտնի են կատարվել:

Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաեւ Աշխեն թագուհու եւ թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները: Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը եւ Քրիստոսի լույսը տարածում հայոց աշխարհում: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, իրենց արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Սբ. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում: Հետագայում հայոց արքան ու թագուհին եւ բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը: