Հայաստանի մանրածախ առեւտրի ոլորտի խոշորագույն ներկայացուցիչ STAR ընկերությունը, ձեռնամուխ է լինում միջազգային չափորոշիչների հիման վրա բիզնեսի լայնածավալ վերակազմակերպմանը` զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու նպատակով:
STAR-ի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի խոսքերով, առաջադրված խնդրի իրագործման հարցում ընկերությանը կօգնեն օտարերկրյա խորհրդատուներ, որոնք ունեն աշխատանքյին մեծ փորձ արեւմտյան խոշոր մանրածախ Wal-Mart, Lidi եւ Maxi ցանցերում, որոնք մեկ տարվա ընթացքում աշխատելու են STAR ցանցում եվրոպական չափանիշների եւ դրանց համապատասխանող ընթացակարգերի ներդրման վրա:
Վերակազմակերպման նախագիծը, որին իր աջակցությունն է ցուցաբերում STAR ընկերության բաժնետերերից մեկը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, նախատեսվում է գործարկել հուլիսից: Այն ենթադրում է բիզնես-գործընթացների, մատակարարների եւ ցանցի անձնակազմի նկատմամբ պահանջների էական խստացում:
Այդ թվում նախատեսվում է սուպերմարկետների աշխատակիցների ատեստավորման անցկացում, ինչպես նաեւ խրախուսման նոր համակարգի ներդրում: «Խանութների աշխատակիցներին կներկայացվեն աշխատանքի նոր գործիքներ, որից կշահի գնորդը»,- նշել է ցանցի գործառնությունների գծով տնօրեն Լեւոն Սողոմոնյանը, ավելացնելով, որ վերակազմակերպումը նպատակաուղղված է գնորդների շահերի եւ սուպերմարկետների ցանցի գնային քաղաքականության եւ տեսականու նկատմամբ պահանջների բավարարմանը, ինչպես նաեւ սպասարկման որակի բարելավմանն ու զարգացմանը:
Բացի այդ նա հաղորդել է, որ վերակազմակերպման նախագծի շրջանակներում նախատեսվում է ընկերության կազմակերպչական կառուցվածքի եւ հաստիքացուցակի վերանայում, ինչպես նաեւ սուպերմարկետների ցանցի աշխատանքի ստանդարտացում եւ օպտիմալացում: Մասնավորապես, հուլիսի 1-ից STAR-ի 7 սուպերմարկետներ, որոնք գործում են առավելապես մայրաքաղաքի արվարձաններում, կաշխատեն ոչ թե շուրջօրյա, այլ առավոտյան ժամը 8:30-ից մինչեւ գիշերվա ժամը 1:00-ն: «Դա ցանցի աշխատանքների կատարելագործմանն ու օպտիմալացմանն ուղղված առաջին քայլերից մեկն է: Ինչպես վկայում է համաշխարհային փորձը, աշխատանքի շուրջօրյա ռեժիմը բնորոշ եւ արդյունավետ է ոչ թե արվարձաններում, այլ քաղաքի կենտրոնում գործող խանութների համար»,- ընդգծել է Սողոմոնյանը:
Անդրադառնալով ցանցի վերակազմակերպման անհրաժեշտության պատճառներին` STAR-ի մարքեթինգի գծով տնօրեն Նարինե Ավետիսյանը հիմնական պատճառներից մեկն է համարել մանրածախ առեւտրի շուկայում սրընթաց աճող մրցակցությունը: «STAR ընկերությունը միշտ եղել է առաջատար եւ առաջինն է նորամուծություններ ներդրել Հայաստանի մանրածախ բիզնեսում: Մենք մտադիր ենք շարունակել այդ ավանդույթը` կիրառելով նորագույն գործիքներ եւ մոտեցումներ` ի բարօրություն հայկական շուկայի որակական եւ մշտական զարգացմանը»,- ասել է նա: