AM
26 June 2009 - 11:47 AMT

Հայաստանի հանքարդյունաբերությունը կստանա 44 մլն դոլար

Սյունիքի մարզում կառավարական նիստը թույլ կտա լուծել այդ մարզի զարգացման հիմնախնդիրները, հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Սյունիքի մարզում տեղի ունեցած արտագնա նիստի ժամանակ: Միաժամանակ կառավարության անդամները ծանոթացել են մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, բնակչությանը հուզող խնդիրներին:

Նիստը սկսվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հաշվետվությամբ` մարզի 2009թ. սոցիալ-տնտեսական վիճակի, առկա խնդիրների, ծրագրերի մասին: Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրել է նաեւ 2009թ. առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները:

Ելնելով ՀՀ կառավարության հաստատած Կայուն զարգացման ծրագրի սկզբունքներից`Սարգսյանը որոշել է հաստատել Սյունիքի մարզի 2010-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը: ՀՀ վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծրագիրն առանձնանում է նաեւ ներդրումային լուրջ բաղադրիչով: Եվ դա հասկանալի է, որովհետեւ Սյունիքը միջպետական նշանակության մարզ է եւ բնական է, որ պետք է ունենա զարգացման ավելի երկարաժամկետ եւ խոշորածավալ ծրագրեր:

Հանքարդյունաբերական ոլորտի զարգացումը խթանելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է վարկեր տրամադրել «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ին (հինգ տարի մարման ժամկետով), «Արմենիա մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին (հինգ տարի մարման ժամկետով) եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին (չորս տարի մարման ժամկետով): Պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվում է 44 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց, որի ապահովության համար հիշյալ ընկերությունների հետ կնքվելու են գրավի պայմանագրեր: Իբրեւ գրավի առարկա ընդունվելու են ընկերությունների արտադրական համալիրները եւ վարկի հաշվին ձեռք բերվող սարքավորումները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չափազանց կարեւոր է համարել այս որոշման ընդունումը, քանի որ ոլորտին ՌԴ վարկից հատկացվում են զգալի գումարներ, որոնց շնորհիվ էապես կաշխուժանա մարզի սոցիալ-տնտեսական կյանքը: «Վարկերը հնարավորություն կտան, որպեսզի այս ձեռնարկությունները թափով աշխատեն` հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջացրած ժամանակավոր դժվարությունները»,- ասել է վարչապետը: