ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարչության արտագնա նիստի շրջանակներում բացել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման աջակցության կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Կապանի ներկայացուցչություն, որը ստեղծվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
ՀՀ վարչապետի խոսքերով, աջակցությունը փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը կառավարության տնտեսական քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է: «ՓՄՁ աջակցության համակարգի հզորացումը առանցքային է` տեղի տնտեսական զարգացմանն աջակցելու եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը տեղական մակարդակում հաղթահարելու համար», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Համաձայն հաղորդագրության, նոր մասնաճյուղում ձեռնարկատերերը քննարկում են անցկացրել Հայաստանի վարչապետի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հետ:
Ներկայացուցչությունը կօգնի իրականացնել տեխնիկական – ֆինանսական աջակցության ծրագրեր, տրամադրել աջակցություն սկսնակ գործարարներին:
Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման աջակցության կենտրոնը պետական աջակցության ծրագրեր է իրականացնում շուրջ 5 տարի եւ ունի 10 մարզային մասնաճյուղ: