AM
27 June 2009 - 10:04 AMT

Ավարտվել են Գորիս-Ստեփանակերտ գազատարի վերանորոգման աշխատանքները

Ավարտվել են Գորիս -Ստեփանակերտ մայրուղային գազատարի վերատեղադրման եւ նորոգման աշխատանքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հուսալի գազամատակարարումն ապահովելու նպատակով, հաղորդում է «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ մամլո ծառայությունը:

Զուգահեռ անցնող 500մմ տրամագծով երկու գազատարները ամբողջովին դեֆորմացվել էին սողանքների հետեւանքով` մեծ ծալվածքներ առաջացնելով խողովակաշարերի վրա։

Առ այսօր իրականացվել է գազատարների 1075գծ.մ եւ 1105գծ.մ հատվածների վերատեղադրում՝ հանելով դրանք սողանքի տեղամասից։ Առանձնակի դժվարությամբ վերատեղադրման աշխատանքներ են կատարվել` տարածքով անցնող գետի վրայով վերգետնյա անցումներն ապահովելու համար: Տարիների ընթացքում գետը խորացրել եւ լայնացրել էր հունը` բացելով գազատարի մոտ 200 գծ.մ հատվածը։ Ուժեղ վարարումներից գետն իր հետ բերելով մեծ քարեր, վնասել էր գազատարի մակերեսը՝ առաջացնելով մետաղի կոտրվածքներ։

Վերատեղադրման աշխատանքներ կատարելու համար լրացուցիչ մոտ 3 կմ երկարությամբ ճանապարհ կառուցման անհրաժեշտություն էր առաջացել, որից հետո միայն կառուցվել են հենարաններ եւ գետի լայնությամբ հավաքակցվել գազատարի 205գծ.մ եւ 229գծ.մ հատվածները:

Նշված աշխատանքների իրականացման համար ներդրվել է մոտ 450 մլն դրամ: