ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն անվանել է Ռեյկյավիկում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը շատ օգտավետ եւ հայտնել է, որ նման հանդիպումները շարունակելի կլինեն: «Արմինֆո» գործակալության թղթակցին տված հարցազրույցում նա ասել է, որ տարածաշրջանային խնդիրների լուծման ապագա գործընթացներին վերաբերվում է զգուշորեն եւ նշել է, որ այդ հարցում տեղի են ունեցել դրական տեղաշարժեր: «Սակայն դա շատ բարդ գործընթաց է եւ առայժմ դժվար է խոսել որեւէ արդյունքների ձեռքբերման ժամանակավոր շրջանակների մասին»: Մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի հայտարարությունն այն մասին, որ Ռեյկյավիկում եռակողմ հանդիպմանը չի քննարկվել հայ-թուրքական համագործակցության հարցը, Վարդան Օսկանյանը նշել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր համագործակցության հարցերը քննարկվել են նրա թուրք գործընկեր Իսմայիլ Ջեմի հետ կայացած երկկողմ հանդիպման ժամանակ: Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում, նրա խոսքերով, հիմնականում քննարկվել են տարածաշրջանային խնդիրները, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: