AM
17 May 2002 - 18:48 AMT

ՓՈԹԻ-«ԿՈՎԿԱՍ» ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ ԼԱՍՏԱՆԱՎԱՅԻՆ ԳԵՏԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Պետբյուջեի լարվածությունը թույլ չի տալիս Հայաստանին լուծել ներդրումների հիմնախնդիրը, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանի «Կովկաս» նավահանգստում լաստանավային գետանցի նախագիծը իրականացնելու համար: Ինչպես հաղորդում է «Դե ֆակտօ» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Ընդհանուր գործ» ռուսաստանյան թերթին տրված հարցազրույցում: Նրա խոսքերով, նախագիծը իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել 19 միլիոն դոլար: Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկը քննարկում է, երկու լաստանավ ձեռք բերելու նպատակով, 12 միլիոն դոլարի վարկ տրամադրելու հնարավորությունը: Մնացած յոթ միլիոնից կեսը պետք է ներդներ Հայաստանը, սակայն, Մանուկյանի խոսքերով, այդպիսի միջոցներ դեռեւս չկան: Առկա է նաեւ բեռնափոխադրումների ծավալի ապահովման հիմնախնդիրը: «Եթե կգտնվեն նախագիծը ֆինանսավորել ցանկացող ձեռնարկատերեր, հնարավոր կլինի պետական մասնաբաժինը փոխանցել որեւէ սեփականատիրոջ»,- նշել է տրանսպորտի եւ կապի նախարարը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: