AM
1 July 2009 - 13:49 AMT

ՎԶԵԲ-ն ու «Էլիտ գրուպ» շինարարական ընկերությունը պայմանգիր են կնքել 5,5 մլն դոլար փոխառության մասին

Վերջին հինգ ամիսներում շինարարության ոլորտում գրանցված անկումը զգալի ազդեցություն է թողնում տնտեսության բոլոր ոլորտների վրա, ուստի անհրաժեշտ են միջոցներ այդ ոլորտում աճ ապահովելու համար, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ հայկական «Էլիտ գրուպ» շինարարական ընկերության միջեւ միջնաժամկետ փոխառության մասին պայմանագրի կնքման ժամանակ: «Հարկավոր է, որ մի կողմից կառավարության աջակցությունը լինի դրամական միջոցների ներգրավման հարցում, իսկ մյուս կողմից` այն վստահությունը, որ այսօր կա մեր կառուցապատողների հանդեպ, պետք է առաջին հերթին տարածվի մասնավոր հատվածի վրա»,-ասել է նա: Այն նախագիծը, որն ըստ նրա, նաեւ դրամաշնորհային տարր ունի, քանի որ «Էլիտ գրուպը» կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ էներգախնայողության ու սեյսմակայունության ոլորտում:

Իր հերթին ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Փոլ Անրի Ֆորտիերը նշել է, որ բանկն այսօր աջակցում է ոչ միայն «Էլիտ գրուպին», այլ նաեւ ողջ Հայաստանին այդ ընկերության միջոցով: Ֆորտիերն առանձնապես ընդգծել է, որ բանկը կարեւորում է այն, որ շուրջ 1 մլն եվրո կուղղվի էներգետիկայի ոլորտի զարգացմանը: «Ես հուսով եմ, որ դեռեւս շատ հնարավորություններ կլինեն աջակցելու ոչ միայն Հայաստանի տնտեսությանն, այլ նաեւ ցանկացած տնտեսության, որը հատուկ մոտեցում ունի էներգախնայողությանը»,-ասել է նա:

Ֆորտիերը ասել է նաեւ, որ վերջին ամսում սա արդեն նրա երկրորդ այցն է Հայաստան, որի արդյունքում ստորագրվեց եւս մեկ համաձայնագիր, եւ հույս է հայտնել, որ դա ավանդույթ կդառնա:

«Էլիտ գրուպի» նախագահ Արմեն Մկոյանը նշեց, որ պայմանագրին նախորդել է ինչպես ընկերության, այնպես էլ բանկի մանրակրկիտ աշխատանքը: «Այս պայմանագիրը պարտավորեցնում է, քանի որ ճգնաժամի պայմաններում բանկը հավատում է մեր ընկերության զարգացման հեռանկարներին»,-ասել է նա:

Մկոյանը հավելել է, որ բանկի հետ համագործակցության արդյունքում հաջողվեց բարձրացնել ընկերության մենեջմենթի մակարդակը, ինչը կնպաստի մրցունակության բարձրացմանը: «Ես վստահ եմ, որ համագործակցության արդյունքում թափանցիկություն եւ հասանելիություն կապահովվի մեր գործընկերների համար, ինչը հիմք կծառայի նոր առավել խոշոր նախագծերի իրականացման համար»,-ասել է Մկոյանը:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ հայկական «Էլիտ գրուպ» շինարարական ընկերությունը պայմանագիր են կնքել միջնաժամկետ փոխառության մասին: Ըստ պայմանագրի, «Էլիտ գրուպ» ընկերությանը 5,5 մլն դոլարի վարկ կհատկացվի, ինչպես նաեւ 130 հազար եվրո դրամաշնորհ` էներգախնայողության ոլորտում:
«Էլիտ գրուպն» իրականացնում է բնակելի ու հասարակական էլիտային համալիրների շինարարություն, ներքին հարդարման աշխատանքներ, դիզայն, շենքերի սպասարկում: