AM
2 Հուլիս 2009 - 11:08 AMT

Հայ ծրագրավորողները Կահիրե են մեկնում մասնակցելու «Imagine Cup-2009» մրցույթին

Հուլիսի 3-8 Կահիրեում տեղի կունենա «Imagine Cup-2009» (Երեւակայության գավաթ) տեխնոլոգիաների համաշխարհային ուսանողական գավաթի մրցույթը, որին կմասնակցեն 149 թիմեր:

Հայաստանն այդ մրցույթին ներկայացելու է TechSquad թիմը, որը դարձել է Հայաստանում նախընտրական փուլի հաղթողը: Եզրափակչի ծրագիրը ներառում է մի քանի դիսցիպլիններ` ծրագրային նախագծեր, ներկառուցված լուծումներ, խաղեր, ռոբոտատեխնիկա եւ ալգորիթմեր, IT-մրցություն, ֆոտո, կարճամետրաժ ֆիլմեր, դիզայն: Այդ կարգերից յուրաքանչյուրի շրջանակներում մասնակիցները պայքարելու են երեք մրցանակային տեղերի համար: Հայկական թիմն իր աշխատանքները կներկայացնի ծրագրային նախագծերի դիսցիպլինում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, հայկական թիմը Կահիրե կմեկնի վաղն առավոտյան:

Այս տարի մրցանակային ֆոնդը կազմում է $288 հազար, իսկ որոշ դիսցիպլիններում առաջին տեղի համար մրցանակը կազմի $25 հազար:

Այս տարի մրցույթի թեման է` «Ներկայացրու մի աշխարհ, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են լուծելու արդիական համաշխարհայինյ խնդիրները»: «Imagine Cup-2009» մրցույթը անցկացվում է արդեն 7-րդ տարին անընդմեջ Microsoft ընկերության աջակցությամբ: Հայաստանն առաջին անգամ մրցույթին մասնակցել է 2008-ին: Այն ժամանակ հայկական թիմը 22-րդ տեղը զբաղեցրեց 60 մասնակից երկրների շարքում: Հայաստանում մրցույթը տեղի է ունեցել Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ: