Հինգշաբթի օրը կայացած նիստին ՀՀ կառավարությունը, ի կատարումն իր նախկին որոշումների, ինչպես նաեւ «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով, որոշել է հաստատել ՉԺՀ Շանհայ քաղաքում 2010թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին կայանալիք «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության միջոցառումների ծրագիրը:
Ցուցահանդեսին մասնակցելու են 200 երկիր եւ միջազգային կազմակերպություն, ներառյալ ԱՊՀ անդամ պետությունները:
Ըստ չինական կողմի կանխատեսման ակնկալվում է համաշխարհային ցուցահանդեսների պատմության ամենամեծաթիվ հավանական մասնակցություն` 70 մլն այցելու: «Շանհայ էքսպո-2010»-ի նախապատրաստման եւ անցկացման համար կպահանջվի 569354.37 հազար դրամ: Այս ծախսը ներառում է Հայաստանը ներկայացնող ցուցահանդեսային տաղավարի ձեւավորումը, կահավորումը եւ սպասարկումը, սպասարկող անձնակազմի ծախսը, տպագրական նյութերի եւ հուշանվերների, բեռների փոխադրման եւ մաքսազերծման, ինչպես նաեւ պաշտոնական պատվիրակության եւ տաղավարը սպասարկող անձնակազմի գործուղման ծախսերը եւ այլն:
Ցուցահանդեսի ընթացքում նախատեսվում է անցկացնել նաեւ Հայաստանի Ազգային օրը` սեպտեմբերի 21-ը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մշակույթի նախարարությանը հանձնարարել է կազմել Հայաստանի ազգային օրվա մշակութային ծրագիրը եւ տեղեկացնել չինական կողմին: Նա անհրաժեշտ է համարել նաեւ ցուցահանդեսի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքում սփյուռքի նախարարության ներգրավումը: