AM
7 July 2009 - 09:13 AMT

2010 թվականի բյուջեում նախատեսված է ՀՆԱ-ի 1-տոկոսանոց աճ

«ՀՀ կառավարությունում եւ նախարարություններում արդեն աշխատանքներ են տարվում 2010թ. բյուջեի կազմման ուղղությամբ, որի հիմքում նախատեսված է ՀՆԱ-ի 1-տոկոսանոց աճ»,-ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով գիտաժողովում:

Այս առնչությամբ կառավարության ղեկավարը նշել է, որ դա նախնական կանխատեսում է, եւ առաջիկա ամիսներին քննարկումների ժամանակ ի հայտ կգան բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները:

Ըդն որում Տ.Սարգսյանն ասել է, որ Հայաստանի համար հնարավոր է տնտեսական իրավիճակի զարգացման 3 սցենար` առաջինը տնտեսության հնարավոր անկումն է 9,5 տոկոսով, երկրորդը` 16 տոկոսով, երրորդը` 20 տոկոսով:

Տնտեսական անկումը Հայաստանում, ըստ վիճակագրական տվյալների, 2009թ. հունվար-մայիսին կազմել է 15,7 տոկոս:

«Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» գիտաժողովի կազմակերպիչը Միջազգային տնտեսական հետազոտությունների հայկական խումբն է: Գիտաժողովի նպատակն է քննարկել համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա, ինչպես նաեւ հետեւանքների հաղթահարման վերաբերյալ առաջարկները: