Կահիրեում ավարտվել է «Imagine Cup-2009» միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր ծրագրավորողների TechSquad թիմը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, մրցույթի արդյունքում հայկական թիմը մրցանակային տեղ չի գրավել «ծրագրային նախագծեր» անվանակարգում, որին մասնակցում էր:
Հայկական թիմը չկարողացավ մրցույթի մեկնել ամբողջական կազմով, եւ Microsoft-Հայաստան ընկերությունը թիմի անդամների համար օն-լայն տեսախորհրդաժողով էր կազմակերպել Կահիրեի հետ, որի ընթացքում թիմի անդամները ներկայացրեցին իրենց աշխատանքներն ու պատասխանեցին ժյուրիի անդամներին:
Այս տարի մրցույթի թեման էր «Պատկերացրու այն աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները օգնում են լուծել ակտուալ համաշխարհային խնդիրները»: Հայկական թիմը ներկայացրեց մի ծրագիր, որը նպաստում էր մարմնի եւ ձեռքերի լարվածության թուլացմանը ստեղնաշարի վրա տեւական աշխատանքից հետո: Ըստ թիմի մասնակիցների, ծրագիրը կարողանում է ախտորոշել աշխատանքի տեսակն ու տեւողությունը եւ համապատասխան վարժություններ առաջարկել:
«Imagine Cup-2009» միջազգային մրցույթն անցնում է արդեն 7-րդ անգամ Microsoft կորպորացիայի աջակցությամբ: Առաջին անգամ Հայաստանը մասնակցեց մրցույթին 2008-ին: Այն ժամանակ հայկական թիմը գրավեց 22-րդ տեղը 60 մասնակիցների թվում: Ընտրական փուլն Հայաստանում անցավ ՀՀ-ում Microsoftժի ներկայացուցչության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ: