ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Պետդումայի վավերացմանն է հանձնել Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱսՏՀ) հակաճգնաժամային հիմնադրամի մասին պայմանագիրը եւ նրա միջոցները կառավարելու համաձայնագիրը: Ըստ փաստաթղթի, որ հունիսի 9-ին ստորագրել են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Հայաստանը 10 մլրդ դոլարի հիմնադրամ են ստեծում հետագայում միմյանց փոխառություններ եւ կայունացնող վարկեր տրամադրելու համար` «վճարման, ժամկետայնության ու վերադարձման» սկզբունքներով: Հիմնադրամի խորհրդի նախագահ է նշանակվել ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: Միջոցները կառավարում է Եվրասիական զարգացման բանկը, հաղորդում է «Վեդոմոստին»:
Ռուսաստանի առաջին անդամավճարը կազմեց 7,5 մլրդ դոլար, Ղազախստանինը` 1 մլրդ դոլար, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Հայաստանը մուծեցին 1-ական մլն դոլար, Բելառուսը` 10 մլն դոլար:
Վավերացումն արագացնում են, որպեսզի արդեն ամռանն այն գործի եւ ՌԴ-ն սկսի օգնել իր դաշնակիցներին: Առաջին հերթին` Բելառուսին ու Ղրղզստանին, որտեղ վիճակն առավել բարդ է:
Ինչպես անցած շաբաթ ասել է Կուդրինը, Բելառուսին կհատկացվի 500 մլն դոլար: Հայտ է ներկայացրել նաեւ Տաջիկստանը: Հայտ ներկայացնելու մտադրության մասին էր խոսում նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: