AM
15 July 2009 - 10:28 AMT

Համաշխարհային ճգնաժամին հակազդելու վարկանիշով Հայաստանը վերջինն է

Տնտեսական, քաղաքական ու սոցիոմշակութային ոլորտներում համաշխարհային ճգնաժամին հակազդելու վարկանիշով Հայաստանը վերջինն է ԱՊՀ երկրների թվում: Այդ մասին ասվում է Միավորված եվրասիական փորձագիտական ցանցի (JEEN) առաջին զեկույցում:

Ըստ JEEN-ի, Հայաստանի հետ նույն` 8-րդ դիրքում են Վրաստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը:

Առաջատարներն են Ղազախստանը, Ադրբեջանն ու Բելառուսը: Ղազախստանը առաջատարների թվում է հայտնվել հակաճգնաժամայի ծրագրի մշակման բարձր մակարդակով, նրա արդյունավետության, իրական արդյունքների առկայության ու իշխանությունների ակտիվ աշխատանքով այդ ուղղությամբ:

Չորրորդ տեղը կիսել են Լիտվան ու Էստոնիան: Նրանց հաջորդում է Թուրքմենստանը: Վեցերորդն են Լատվիան ու Ուկրաինան, յոթերորդն են` Ուզբեկստանն ու Մոլդովան:

Հետազոտության նպատակն է վեր հանել հետխորհրդային պետությունների զարգացման հիմնական միտումները ճգնաժամի պայմաններում: Վարկանիշի հիմքում նախկին ԽՍՀՄ երկրներում փորձագետների, քաղաքագետների, մեկնաբանների, լրագրողների, պետական կառույցների աշխատակիցների հարցման արդյունքներն են:

Վարկանիշում չի ընդգրկվել Ռուսաստանը: Երկու պատճառով` հետազոտությունը կողմնորոշված է հիմնականում Կենտրոնական Ասիայի երկրներում իրադարձությունների լուսաբանմանը: Աշխարհի խոշորագույն պետությունը կարող էր ետին պլան մղել բոլոր երկրները: