Տեսականորեն կառավարության քաղաքականությունը կարելի է «գրագետ» համարել, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, վերջին հինգ տարիների ընթացքում ե՛ւ հարկաբյուջետային, ե՛ւ դրամավարկային քաղաքականությունը տնտեսական աճի տեսակետից եղել են զսպողական, եւ դա տեսության մեջ համարվում է գրագետ քաղաքականություն:
Ինչպես ասել է վարչապետըԵրկնիշ տնտեսական աճի դեպքում հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը պետք է լինի զսպողական, որպեսզի տնտեսությունը չափից ավելի չտաքանա: Իսկ տնտեսական անկման դեպքում հակառակը, ե՛ւ դրամավարկային, ե՛ւ հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինեն ընդլայնողական:
«Դա նշանակում է, որ պետությունը պետք է ավելացնի իր ծախսերը եւ եթե նույնիսկ սեփական եկամուտների տեսքով չունի այդ ծախսերը ավելացնելու ֆինանսական միջոցներ, ապա արտաքին եւ ներքին շուկաներից պետք է ներգրավի լրացուցիչ ֆինանսական միջոցներ, ինչը մենք ձեզ հետ միասին իրականացնում ենք այս տարի եւ ունենք աննախադեպ ընդլայնողական ֆիսկալ քաղաքականություն: Կենտրոնական բանկը նման քաղաքականություն սկսել է իրականացնել մարտ ամսից հետո, երբ իրականացրինք լողացող փոխարժեքի վերադարձը, եւ Կենտրոնական բանկը ստիպված էր 1 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` արձանագրելով, որ մտել ենք գնաճային ավելի ցածր մակարդակի փուլ: Կենտրոնական բանկը սկսեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն անցում կատարեց ընդլայնողական քաղաքականության: Դրա բովանդակությունն այն է, որ տնտեսական աճի խթան է հանդիսանում ե՛ւ հարկաբյուջետային քաղաքականությունը, ե՛ւ դրամավարկային քաղաքականությունը, ինչը հակաճգնաժամային բովանդակություն ունի, եւ ավելորդ էին այն խոսակցությունները, թե արդյո՞ք նպատակահարմար է սեկվեստր իրականացնել»,-ասել է վարչապետը:
«Բոլոր փորձագետները, Արժութային հիմնադրամը եւ ՀԲ-ն մեզ հետ համամիտ են, որ անհրաժեշտ է պահպանել պետական ծախսերի բարձր մակարդակը, որովհետեւ այն զսպում է տնտեսական անկումը: Բնականաբար, մենք ձեզ հետ միասին իրականացրել ենք մեր բյուջեի ծախսային մասի վերաբաշխումներ այնքանով, որքանով օրենսդրությունը մեզ թույլ է տալիս: Ավելին, մենք Ազգային Ժողովից օրենքի փոփոխության ձեւով թույլտվություն ենք ստացել, որ մեր բյուջեի դեֆիցիտը կարող է հասնել համախառն ներքին արդյունքի7.5 տոկոսի: Սա նշանակում է, որ արտաքին – ներքին պարտքերի ներգրավման առումով մեզ ԱԺ-ն տվել է լրացուցիչ հնարավորություններ, ինչից – մենք օգտվել ենք` ստանալով լրացուցիչ ֆինանսական միջոցներ Արժութային հիմնադրամից` այս տարվա համար շուրջ 150 մլն դոլար – 150 մլն դոլար էլ 2010 թվականի համար, ՀԲ-ից` 60 մլն դոլար ուղղակի բյուջեի ֆինանսավորման համար, Ասիական բանկից` 80 մլն դոլար: Այդ հեղինակավոր միջազգային կառույցները գտնում են, որ մեր իրականացրած ընդլայնողական քաղաքականությունը արդարացված է եւ պետք է շարունակվի նա- 2010 թվականին, որպեսզի մենք կարողանանք հակացիկլիկ լինել – խթանել տնտեսական աճը` օգտվելով այն բացառիկ հնարավորությունից, որ գնաճային ճնշումները այս պարագայում դեռ-ս մեզանում բացակայում են»,-ասել է Տ.Սարգսյանը: